Ի՞նչ կլինի Ղարաբաղի հետ, եթե Հայաստանը միանա Եվրասիական տնտեսական միությանը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԼՂՀ ճանաչման գործընթացից, այն մասին, թե որքանո՞վ կարող է Կալիֆոռնիայի Սենատի վերջերս ընդունած որոշումը դառնալ շարունակական: Քննարկման հաջորդ թեման Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցն էր:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 3-ին անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միություն մտնելու ցանկության մասին. սեպտեմբերի 3-ից մեկ տարի է անցել, ի՞նչ է փոխվել այս ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական դաշտում:

«Ղարաբաղի նոր սերունդը ծնվել է անկախության պայմաններում, և երկրի անկախությունը բնական է իր համար: Ամռան սկզբներին արված մեր վերջին հարցումը 4400 բնակիչների շրջանում, Ղարաբաղի հիմնահարցի լուծումը և սահմանների պաշտպանությունը չի դիտվում բնակչության կողմից որպես կարևոր ռազմական, սոցիալ-քաղաքական գործ:

Բնակչությունն այնքան վստահ է, որ Ղարաբաղն անկախ է, որ մեր բանակը հզոր ու մարտունակ է, որ դրանք չի համարում կարևոր խնդիր: Գոյություն ունի միջազգային երկու վարկանիշ՝ պետության գործունակության և անգործունակության, որոնցով Հայաստանը բավականին մոտ է չորրորդ խմբին՝ հինգերորդ խմբում է, այսինքն՝ առաջ է և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից, և՛ Ռուսաստանից: Շուտով Ուկրաինային էլ կանցնենք: Մեր առջևում է միայն Ղազախստանը, որը համարվում է ամենակայուն երկիրը հետսովետական տարածքում»,- ասաց սոցիոլոգը:

Ըստ նրա՝ Ղարաբաղի խնդիրը չունի ո՛չ իրավական, ո՛չ ռազմական լուծում.

«Իրավական լուծում չունի, քանի որ կողմերը հենվում են տարբեր իրավական նորմերի վրա, որոնք երկուսն էլ կենսունակ են՝ ազգերի ինքնորոշման խնդիրը և պետական սահմանների ամբողջականության պահպանումը: Դե ֆակտո Ղարաբաղն անկախ է, իսկ դե յուրե երբեք անկախ չի լինի, որովհետև աշխարհում կան բազմաթիվ նմանատիպ բախումնային կետեր: Եթե վերցնենք պետությունների ձևավորման լեզվական հիմքը՝ մարդկությունը խոսում է 4000 լեզուներով, պատկերացրեք՝ ամեն լեզուն ունենար իր պետությունը: Ղարաբաղի հարցը լուծում կարող է գտնել միայն բարի կամքի դրսևորման դեպքում»:

Բանախոսը կարծում է, որ Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից, քանի որ Ադրբեջանի շնորհիվ են մեր ականջներից կախել այդ ֆունկցիան.

«Իրականում իրավաբանորեն գործ ունենք միջհամայնքային բախումների հետ Ադրբեջանում, երբ հայալեզու և թուրքալեզու բնակչությունը չի հաշտվում, և պետք է որոշեն հետագա համակեցությունը՝ կամ բաժանվում են, կամ ապրում մեկ քաղաքական բանաձևի հիման վրա: Իսկ Հայաստանի ներկայությունն ուղղակի պետք է թույլ չտա, որ Ղարաբաղի խնդիրն ունենա ռազմական լուծում:

Այս պարագայում խնդիրը կստանա իր բնական ձևաչափը: Ադրբեջանը վախենում է Ղարաբաղը դիտել էթնիկ բախում, որովհետև Ղարաբաղից հետո կգան թալիշները, լեզգիները, քրդերը, և Ադրբեջանը, որպես մեկ միասնական ազգ, որը փորձում է Ալիևների գերդաստանը ձևավորել, չի ստացվի»:

Այն հարցին, թե ի՞նչ կլինի Ղարաբաղի հետ, եթե Հայաստանը միանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), նա պատասխանեց.

«Եթե մենք դե ֆակտո ճանաչում ենք Ղարաբաղին՝ որպես անկախ պետական միավորում, մենք պետք է նրան տանք բոլոր պետական ատրիբուտները՝ բանակ, ոստիկանություն, իշխանություններ և, իհարկե, սահմանների պահպանում ու մաքսակետեր: Այս առումով՝ Հայաստանը կարող է հանգիստ մտնել ԵՏՄ:

Բայց քանի դեռ Ադրբեջանն ունի նավթ ու գազ, Ղարաբաղի հարցը չի լուծվի ոչ իրենց օգտին, ոչ մեր: Մտնելով ԵՏՄ՝ մենք ապահովում ենք մեր թիկունքը, մեր ոչ եվրոպական ստանդարտների ապրանքը վաճառում ենք Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, իսկ իրենց ոչ եվրոպական ստանդարտների ապրանքն էլ մենք ենք գնում:

Իսկ եթե կան ուժեր, որոնք ուզում են Հայաստանը տանել դեպի Եվրամիություն, ուրեմն պետք է մտածենք ունենալ այնպիսի արտադրանք, որը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Հայաստանի ոտքի կանգնելու համար առնվազն պետք է 150 մլրդ դոլարի ներդրում, որ կարողանանք ունենալ գոնե պատշաճ ծավալի արտադրանք: Մեր վերջին հարցումը, որին մասնակցել է 4400 մարդ, ցույց տվեց, որ Եվրամիության կողմնակիցները կազմում են 17 տոկոս, իսկ ԵՏՄ կողմնակիցները՝ 60 տոկոս, մնացածն անտարբեր են»:

Իսկ Կալիֆոռնիայի Սենատի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումն, ըստ սոցիոլոգի, ունի միայն բարոյական նշանակություն.

«ԱՄՆ-ում օրենք կա, որ եթե նահանգների 2/3-ը մի օրենք է ընդունում, ապա ֆեդերալ իշխանությունը պարտավոր է այդ օրենքը դարձնել համաամերիկյան: Դրա համար Ամերիկայի հայկական լոբբիստական շարժումը փորձում է նահանգների թվաքանակը շատացնել»:

Տեսանյութեր

Լրահոս