Էդվարդ Նալբանդյանը դասախոսություն է կարդացել պատգամավորների համար
Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց պատգամավորների և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փակ հանդիպումը: Հանդիպումը փակ է եղել ԱԳ նախարարի ցանկությամբ, որպեսզի նա կարողանա ավելի ազատ և անկաշկանդ պատասխանել պատգամավորների հարցերին: Իսկ հանդիպմանը մասնակցելու հնարավորություն տրված էր բոլոր այն պատգամավորներին, ովքեր նման ցանկություն ունեին: Նրանց թիվը մոտ 25-էր բոլոր 6 խորհրդարանական խմբակցություններից:
Թե ինչ հարցեր են ուղղել Էվարդ Նալբանդյանին և թե ինչ է նա պատասխանել նրանց հարցերին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց պատասխանել՝ ասելով միայն, որ քննարկվել են ԱԺ արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր հարցերը:
Միակ մարդը, ով հրապարակայնացրեց իր բարձրացրած հարցերի բովանդակությունը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էր: Նա ԱԳ նախարարին հարցրել է, թե ինչպիսի՞ն է Հայաստանի իշխանության վերաբերմունքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ն կարող է խաղաղարար զորքեր մտցնել Ուկրաինա, և արդյոք Հայաստանը կմասնակցի՞ այդ խաղաղարար նախաձեռնությանը: Իսկ մյուս հարցը վերաբերում է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հայտնի հայտարարությանը՝ Հայաստանի Եվրասիական տնտեսական միություն միջազգային ճանաչված սահմաններով մտնելուն:
Ցավոք, Արամ Մանուկյանը չմանրամասնեց Նալբանդյանի պատասխաները իր հարցերին՝ ասելով միայն, որ իրականում ԱԳ նախարարը ոչ մի հարցի էլ կոնկրետ պատասխան չի տվել:
«Մեկուկես ժամ տևած հանդիպման ժամանակ ընդամենը չորս պատգամավոր է հարց ուղղելու հնարավորություն ունեցել. ես, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ռուբիկ Հակոբյանը: Մյուս հարց տվողները չկարողացան հարց տալ, քանի որ Նալբանդյանը խոսում էր շատ երկար, բայց ոչ մի կոնկրետ բան չէր ասում: Տպավորությունն այնպիսին էր, որ նա դասախոսություն է կարդում, որոնք քիչ ընդհանրություն ունեն մեր այսօրվա իրականության հետ»,- ասում է Արամ Մանուկյանը: