«Ֆրանսիայում այս կազմակերպությունը փակվել է, քանի որ ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջացել: Հայաստանը պետք է նույն կերպ վարվի»

Հայաստանում Եհովայի վկաների գործունեության, այլասերվածության քարոզի և դրանց դեմ իրականացվող գործողությունների վերաբերյալ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Սևան Աղաջանյանը և «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Ալմաստ Մուրադյանը:

Ալմաստ Մուրադյանն ասաց, որ շատ երկրներում Եհովայի վկաները գրանցված են որպես տոտալիտար աղանդ, սակայն մեզ մոտ այդ բնորոշումը չունեն, իսկ հիմա խնդիրն այն է, որ քաղաքի տարբեր մասերում տեղադրել են ստենդներ, որտեղից տարածում են իրենց գրականությունը: Ըստ նրա՝ սա հակաօրինական երևույթ է, քանի որ կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն կարող է իր գործունեությունը իրականացնել՝ իր համար առանձնացված տարածքներում, իսկ փողոցը չի հանդիսանում իրենց համար առանձնացված տարածք:

Ալմաստ Մուրադյանի կարծիքով՝ այդ ստենդները տեղադրելը, նման գրականություն տարածելը, մարդկանց հետ զրուցելը հանրային քարոզչություն է, ինչը Հայաստանում օրենքով արգելված է: Նա նամակ է գրել ՀՀ ոստիկանապետին և հարցի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն քննչական բաժնի կողմից գործի հետագա հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով.

«Մեր հիմնական պահանջն է, որպեսզի փողոցներից հավաքվեն Եհովայի վկաների կողմից տեղադրված ստենդները, քանի որ գրականությունը, որը բաժանվում է իրենց կողմից, շատ լուրջ վտանգ է պարունակում իր մեջ, ինչպես մարդկանց իրենց կազմակերպություն ներգրավելու ուղղությամբ, այնպես էլ պարունակում են հակաքաղաքական, հակաօրինական և հակաազգային կոչեր:

«Ինչ է իրականում սովորեցնում աստվածաշունչը» վերնագրով նրանց գրքերից մեկը կոչ է՝ մերժել այլ ուսմունքները, այլ գրականությունը, այլ մոտեցումները՝ Աստվածաշնչի ուսումնասիրման գործում: Եհովայի վկաների մյուս գրքերում մերժվում է արյան փոխներարկումը, անգամ եթե քո հարազատին մահվան վտանգ է սպառնում:

Պատճառաբանությունը բերում են Աստվածաշնչից, որը զուտ իրենց մեկնաբանությունն է և իրականում Աստվածաշնչի մոտեցումների հետ ոչ մի կապ չունի: Նրանց գրականության մեջ մերժվում է պետական զինանշանների, պետական հիմնի հանդեպ հարգանքը: Կոչ են անում, օրինակ, ոտքի չկանգնել, երբ հնչում է պետական հիմնը, որովհետև այն ուղղակի ներկայացնում են իբրև ազգային երգ: Կոչեր են արվում չհարգել նաև ազգային դրոշը»,-պարզաբանեց Ալմաստ Մուրադյանը:

Սևան Աղաջանյանն ասաց, որ Եհովայի վկաների մասին նյութեր են հավաքել, որոնք ստացել են իրավաբանական լուծումներ և մոտ օրերս կդիմեն դատարան, որովհետև մի քանի կետերով նրանք խախտում են ՀՀ Սահմանադրությունը, Քաղաքացիական և Քրեական օրենսգրքերը. «Ֆրանսիայում այս կազմակերպությունը փակվել է, քանի որ ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջացել: Հայաստանը պետք է նույն կերպ վարվի»:

Դիալոգ ՀԿ նախագահն ասաց, որ 2012թ. Ռուսաստանի Դաշնությունում արգելված է նրանց երկու տեսակի գրականությունը, որը մեզ մոտ ազատ բաժանվում է՝ «Արթնացիր» և «Դիտարան» գրքերի մասին է խոսքը: Սրանք գրանցվել են, որպես էքստրեմիստական և հակաազգային կոչեր պարունակող գրականություն:

Բանախոսը նման գրականության ազատ տարածման պատճառը համարում է մեր Ոստիկանության և Քաղաքապետարանի ոչ համախմբված գործունեությունը. «Ամենանվազագունը, որ հիմա կարող ենք անել՝ կարգապահական տույժի ենթարկել Եհովայի վկաներին անօրինական գործունեության համար:

Մեր երկրիը կարծես վերածվել է հոգևոր շուկայի , այսինքն՝ հիմա փողոցում բոլոր կրանական կառույցները ներկայացնում են իրենց ապրանքները: Քեզ մոտենում են մորմոնները, հգեգալստականները, Եհովայի վկաները, թռուցիկներ են բաժանում, թե ինչպես ընտանեկան անեծքները քայքայել, ինչպես հիվանդություններից բժշկվել, այսինքն՝ ոչ թե Աստծուն են քարոզում, այլ իրենց ապրանքներն են առաջարկում մարդկանց, որոնք գտնվում են տարբեր վիճակներում»,- նշեց Ալմաստ Մուրադյանը:

168.am-ի այն հարցին, թե բացի Եհովայի վկաներից՝ մյուս ո՞ր կառույցներն են այս պահին լուրջ վտանգ ներկայացնում, Ալմաստ Մուրադյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր կազմակերպություն, որը հոգեբանական տրանսֆորմացիայի է ենթարկում անձին, արդեն վտանգ է ներկայացնում:

«Այն կազմակերպությունը, որտեղ մարդը կորցնում է ռեալ դատելու և վերլուծելու կարողությունը, կախվածության մեջ է ընկնում, թե կրոնական կառույցից, թե անձնավորություններից, վտանգ է ներկայացնում: Այսօր խոսեցինք Եհովայի վկաների մասին, որովհետև իրենք ավելի բացահայտ ու լայն շրջանակների համար են աշխատում: Մորմոններն էլ են շրջում, բայց տվյալ դեպքում իրենք չեն խախտում օրենքը: Իրենք բարևում-անցնում են, ոչինչ չեն խոսում, եթե դուք ուզում եք՝ իրենց հարցեր եք տալիս: Իսկ եհովայի վկաները կոնկրետ գիրքը տալիս են մարդուն: Տարբերությունը միայն սա է, թե չէ երկուսն էլ վտանգ են ներկայացնում»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս