Արցախի Հանրապետությունն ուժեղ է ու անառիկ. Բակո Սահակյան

«1991 թվականի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում եւ դարձավ նրա դարավոր երազանքների իրականացման սկիզբը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետության ծնունդը, որն արդյունք էր մեր ժողովրդի երկարամյա մաքառումների ու անկոտրում կամքի»,-մասնավորապես ասված է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:

Իշխանությունների եւ անձամբ իր անունից շնորհավորելով բոլորին այս կարեւորագույն պետական տոնի առթիվ` Բակո Սահակյանն ընդգծել է.

«Մենք վերջապես նվաճեցինք մեր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը, ապրելու համամարդկային ու ազգային արժեքներին, ժողովրդավարական նորմերին ու միջազգային սկզբունքներին համահունչ: Այդ ճանապարհին մեզ սպասում էին ինչպես դաժան փորձություններ, այնպես էլ մեծ հաղթանակներ, հաղթանակներ, որոնք ձեռք բերվեցին անասելի կորուստների ու զրկանքների, մեր հերոս քույրերի ու եղբայրների թափած արյան գնով: Դրանք հնարավոր դարձան համայն հայության միասնականության ու համախմբվածության, մեր ժողովրդի անսասան ոգու ու անձնվիրության շնորհիվ:

Ուղիղ մեկ ամիս առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Արցախի Հանրապետությունն ուժեղ է ու անառիկ, քանի որ նրա սահմանին կանգնած է իր հողն ու տունը պաշտպանող զինվորը, կանգնած է ողջ հայ ժողովուրդը: Այդպես է եղել այս 23 տարիների ընթացքում, այդպես կլինի այսուհետ»:

Մեկ անգամ եւս շնորհավորելով տոնի առթիվ՝ Բակո Սահակյանը մաղթել է խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք բոլորի ընտանիքներին, զորացում ու բարգավաճում` հարազատ Արցախին:

Տեսանյութեր

Լրահոս