Ակտիվ քաղաքականությունը Ռոբերտ Քոչարյանի միավորները կարող է ոչ թե ավելացնել, այլ նվազեցնել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերն առնվազն մի հարցում ունենում են անվերապահ հաջողություն՝ նրան չեն մոռանում, նրա հարցազրույցներն ու ելույթները անուշադրության չեն մատնում, նրա գործոնն իր հրատապությունը հասարակական գործընթացներում չի կորցնում, նա շարունակում է լինել քաղաքական անցուդարձի ամենաքննարկվող թեմաներից մեկը:

Եվ այս ամենը մի պայմանում, երբ նա ակտիվ գործողություններից կարծեք թե ձեռնպահ է մնում և ընդամենը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս որևէ ֆորմատի որևէ ելույթով: Այսինքն` առնվազն այն, որ նրա ելույթները շարունակում են մնալ քննարկումների և ուշադրության առարկա, արդեն իսկ որոշակի արդյունավետության նշան է: Նույնիսկ պարզ չէ՝ միգուցե Քոչարյանը այս պահին գոնե դրանից ավելին չի էլ ակնկալում:

Այսինքն, ըստ էության, ոչինչ չանելով` իր նախագահությունից վեց-յոթ տարի հետո Ռոբերտ Քոչարյանը մնում է հավասարապես քննարկելի և դիտարկվող ֆիգուր, ինչպես օրինակ` ակտիվ քաղաքականությամբ զբաղվող ոչ իշխանական ուժերը և նրանց առաջնորդները:

Մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանը մի իրավիճակում է, երբ ակտիվ քաղաքականությունը նրա միավորները կարող է ոչ թե ավելացնել, այլ հակառակը՝ նվազեցնել:

Ակտիվ քաղաքականությունը Քոչարյանին կստիպի անդրադառնալ նաև բավական տհաճ հարցերի` կապված և՛ Հայաստանում ընտրակեղծարարության, և՛ իշխանական բուրգի օլիգարխիզացիայի, և՛ իշխանության ու բիզնեսի սերտաճման, և բնականաբար` Մարտի 1-ի, ու անկասկած էլի շատ ու շատ հարցերի հետ:

Ռոբերտ Քոչարյանը առայժմ այս ամենի մասին կամ շատ ընդհանրական և այսպես ասած` «պռոտոկոլային» դատողություններ է անում կամ էլ շրջանցում այդ թեմաները: Իսկ քանի որ չկան բաց հարցերի, նաև խաչաձև հարցերի հնարավորություններ, Ռոբերտ Քոչարյանը կարողանում է խուսափել ավելի կոնկրետ պատասխաններից:

Ակտիվ քաղաքականությունը նրա համար սրելու է այս խնդիրները և ամենայն հավանականությամբ Քոչարյանի դիրքերի վրա ազդելու է բացասաբար: Այսօր նրա դիրքերը համեմատաբար ամուր են զուտ կարգավիճակի ստվերային բնույթի արդյունքում:

Այսինքն` նա այսպիսով կարողացել է համեմատաբար ավելի կառավարելի պահել իր շուրջ տեղի ունեցող զարգացումներն ու քննարկումները: Ակտիվ քաղաքականությունը նրա համար այդ տեսանկյունից ստեղծելու է անկառավարելի վիճակ, իսկ քանի որ երկրորդ նախագահն ունի, մեղմ ասած, մի շարք խոցելի հանգամանքներ, որոնց գագաթնակետն, իհարկե, Մարտի 1-ն է, ապա այդ վիճակը անխուսափելիորեն կբերի անկման:

Սակայն անկումային վիճակում է Հայաստանի ողջ քաղաքական դաշտը: Իշխանությունների քաղաքական դիրքերի մասին խոսելն ավելորդ է: Այստեղ երբեք չեն եղել քաղաքական հաջողություններ կամ դրական միտումներ: Այստեղ մշտապես հույսը եղել է ուժի կամ մանիպուլյացիաների վրա»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս