Ա. Սաքունցը՝ սեպտեմբերի 3-ին կայանալիք ցույցերի մասին. «Ինչքան շատ լինի, այնքան ավելի լավ»
«Ցավոք սրտի, ես հանրապետությունից բացակայելու եմ, քաղաքացիական նախաձեռնության ցույցը նախատեսվում էր ամսի 9-ին, ես ուզում էի մասնակցել, բայց քանի որ 3-ին, 4-ին բացակայելու եմ հանրապետությունից, դրա համար չեմ մասնակցի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ է նա սեպտեմբերի 3-ին կայանալիք ընդդեմ Հայաստանի՝ ՄՄ-ին և ԵՏՄ-ին անդամակցելու ցույցերից որևէ մեկին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին նույն նպատակով տեղի է ունենալու 2 ցույց. Մեկը Ազգային ինքնորոշում միավորումն է կազմակերպել՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում, իսկ մյուսը կազմակերպում է քաղաքացիական նախաձեռնությամբ՝ դարձյալ Ազատության հրապարակում, սակայն ժամը 13:15-ին:
Հիշեցնենք նաև, որ քաղաքացիական նախաձեռնության ցույցն ի սկզբանե նախատեսված էր սեպտեմբերի 9-ին: Սակայն, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սեպտեմբերի 8-9-ը Հայաստան չի այցելելու, նախաձեռնության անդամները որոշեցին փոխել օրը:
Մեզ հետ զրույցում Ա. Սաքունցը նշեց, որ կարևորում է այդ ցույցերը, որովհետև շատ կարևոր է վերստին արձանագրել, որ Մաքսային միությանը, կամ հետո Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամագրման վերաբերյալ հանրությունն ունի այլ մոտեցումներ.
«Պետք է վերստին արձանագրվի այն փաստը, որ Սերժ Սարգսյանն ակնհայտ հակասահամադրական որոշում է կայացրել, և հանրային վերաբերմունքը հրապարակային ներկայացվի, որովհետև, բացի այն՝ որ ինքնին հակասահմանադրական էր, այդ հակասահամադրական որոշման մեկ տարվա իրադարձություններն ակնհայտորեն ցույց տվեցին դրանց ակնհայտ վտանգավորությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝ թե՛ տնտեսական, և թե՛ անվտանգության հարցերում: Այսինքն՝ մենք ընդհանրապես զրկվեցինք այն գործընթացներից, որոնք իրականում կարող էին ապահովել Հայաստանի զարգացման հնարավորությունները, որոնք շարունակվում են Վրաստանում, Ուկրաինայում և շարունակվում են նաև Մոլդովայում»:
Մեր այն հարցին, թե նույն օրը երկու ցույց է լինելու՝ արդյոք իրար չեն խանգարի՞, ճի՞շտ է նույն նպատակի համար մարդկանց պառակտելը, Ա. Սաքունցը պատասխանեց. «Պառակտման մասին չէ խոսքը, ինչքան շատ լինի, այնքան ավելի լավ: Մեկը Ազգային ինքնորոշում միավորումն է կազմակերպում և այնտեղ կուսակցության համախոհները կլինեն, իսկ մյուսը քաղաքացիական նախաձեռնություն է, որը կուսակցություն չէ և ֆորմատը շատ ավելի լայն է: Թող ուրիշ կուսակցություններն էլ կազմակերպեն, ենթադրենք, քաղաքացիականի կամ ԱԻՄ-ի նախաձեռնությանը չեն միանում, թող իրենք էլ իրենց հերթին ցույց կազմակերպեն, իրենց դիրքորոշումն արտահայտեն, որը, ցավոք, տեսնում ենք, որ չկա»: