Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատական նիստը՝ սեպտեմբերի 10-ին

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործը բողոքարկվել է վերաքննիչ դատարան. սեպտեմբերի 10-ին վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա առաջին դատական նիստը: Քրեական գործը վերաքննիչ դատարանում կքննվի դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, Գրիշա Մելիք-Սարգսյանի և Գագիկ Ավետիսյանի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 4-ին քրեական գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առոջղությանը ծանր վնաս պատճառելու մեջ՝ դատապարտելով 17 տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը դատարանի այս վճիռը որակել էր որպես «խայտառակ» և այն բողոքարկել վերաքննիչ դատարանում: Պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանից պահանջում է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (զենքի հետ վարվելու կանոնների խախտումը, որը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս և որն անզգուշությամբ առաջացել է մարդու մահ) և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` նշված հոդվածների սանկցիաների սահմաններում, կամ Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (սպանություն) և 120 հոդվածով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` նշված հոդվածների սանկցիաների սահմաններում, կամ ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2014թ. կայացրած` ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, բավարարել այդ միջնորդությունը և այդ հիմքով բեկանել 04.07.2014թ. դատավճիռը և քրեական գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, իսկ վերը նշված խնդրանքները չբավարարելու դեպքում նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել 04.07.2014թ. դատավճիռը և նրա նկատմամբ նշանակել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով և 112 հոդ. 1-ին մասով սահմանված նվազագույն պատիժները:

 

 

Տեսանյութեր

Լրահոս