
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Շուշիում մասնակցել են երկրաբանության պետական թանգարանի բացմանը

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ներկա են գտնվել Շուշիի ամրոցի տարածքում Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրությանը:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ օպերային բեմադրությունները Շուշիում արդեն իսկ դառնում են բարի ավանդույթ, ինչը դրական է ազդում ո´չ միայն քաղաքում, այլև՝ ողջ Արցախում մշակույթի զարգացման վրա:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:
Նախագահները սեպտեմբերի 1-ին մասնակցել են Շուշի քաղաքում Գ.Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցին նախագծի իրականացման համար և կարևորել նման թանգարանի նշանակությունն ինչպես Շուշի քաղաքի, այնպես էլ հանրապետության կյանքում՝ նշելով, որ այն պետք է դառնա կարևոր գիտակրթական ու զբոսաշրջային կենտրոններից մեկը: