«Քոչարյանն ինձ բազմիցս ասել է, որ ինքը կմասնակցի 2017-18 թվականի ընտրություններին». 1in.am
«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ:
–Պարոն Գրիգորյան, մեզ հետ զրույցներում քիչ հավանական էիք համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: Նրա վերջին հարցազրույցի մեջ կարծես այլ տրամադրվածություն կա, համակարծիք չե՞ք:
– Իսկապես, իմ տպավորությունն այն է, որ երկրորդ նախագահը վերջին ժամանակաշրջանի քաղաքական ընթացքի արդյունքում հասկացել է, որ հետո ուշ է լինելու և առաջին անգամ ես տեսա ակնարկ, որ նա պատրաստ է միջամտելու իրավիճակին:Ես կարծում եմ՝ դա նրա կողմից շատ խոհեմ քայլ կլինի, որովհետև Հայաստանում ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական վիճակը սրընթաց գնում է դեպի վատթարացում: Այն քայլերը, որ տնտեսության մեջ վարչապետը փորձում է անել՝ դեռևս հեռու է բավարար համարվելուց, քանի որ դրանք կիսատ-պռատ քայլեր են, միայն մեծ ցանկություններ:Վարչապետն ասում է, որ պետք է ստվերից դուրս գալ, օլիգարխներից մեկն էլ ասում է, եթե մյուսները դուրս գան, ես էլ կանեմ: Այսինքն՝ փոխանակ դա հայտարարողի դեմ գործ հարուցվի՝ Սամվել Ալեքսանյանի, հետաքրքիր մտքեր է ներկայացնում:Մեզ համար սա աբսուրդ է:Մենք վշտացած ենք, որովհետև երե անգամ Սլովակիայից, Ավստրիայից ներդրողներ բերեցինք Հայաստան, որոնք հիացած են «Նաիրիտով» և զուտ հանուն իրենց տնտեսական շահի պատրաստ են ներդրում անել,բայց մինչև այսօր Հ. Աբրահամյանից միայն հուսադրող խոսքեր ենք լսում, իսկ երեք չորս ամիս այդ խոսքերը լսելուց հետո ցանկացած ներդրող կհասկանա, որ դրանք պարզապես հուսադրող խոսքեր են ու կհեռանա:Մյուս կողմից՝ արտաքին քաղաքականության ձախողումների շարքը, հիմա էլ Էրդողանին հրավիրում են Ցեղասպանության զոհերի հիշատակ հարգելու, մարդասպանին հրավիրում են, որ ինչ-որ բան ասի:Զոհը հնարավորություն է տալիս ոճրագործին ոնց ուզում է այնպես մեկնաբանել կատարվածը:
Բնական է, որ այս իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի մոտ ավելի արագացվեցին վերլուծությունները, ավելի ռադիկալ որոշումների կարիք եղավ, և ես ինքս զարմանքով կարդացի իր հարցազրույցը՝ նկատելով, որ նա մտադիր է վերադառնալ:Իսկ իմ հետ հանդիպումների ժամանակ բազմիցս հայտարարելէ, որ ինքը կմասնակցի 2017-18 թվականի ընտրություններին:
-Ռոբերտ Քոչարանը Ձեզ նման բա՞ն է ասել:
-Ոչ թե որպես նախագահ, այլ մասնակցություն կունենա, որպես նախագահ նա կտրուկ դեմ էր առաջադրվելու, սակայն որպես քաղաքական ուժ համաձայն էր: Կարող եմ գաղտնազերծել մեր երկխոսություններից մեկը՝ երբ նրան առաջարկում էի հրատապ մասնակցել Հայաստանի ներքին կյանքին, որովհետև այլևս հույս չունեմ, որ որևէ մեկը Հայաստանում կարող է ինչ-որ բան փոխել և ըստ իս՝ միակ հնարավորությունը բոլոր ուժերի, այդ թվում և՝ Ռոբերտ Քոչարյանի համախմբումն է:Նա ասաց, որ եթե լինեն նոր թարմ ուժեր, եվրոպական մտածողության երիտասարդություն, ապա մենք բոլորս կլինենք դրա մեջ և 2017-18 թվականի ընտրություններն անցկացնենք այնպես, որ Հայաստանում լինի իսկապես հզոր ժողովրդավարական իշխանություն, փոփոխությունները տանեն դեպի Հայաստանի եվրոպականացում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։