
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությանը

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ է ժամանել Լիտվայի Հանրապետության
խորհրդարանի՝ Սեյմասի՝ Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի
պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին խմբի նախագահ Դալիա
Կուոդիտեն, անվանի քաղաքական գործիչ ու լրագրող Րիմվիդաս Վալատկան:
Սեյմասի պատվիրակությունը հանդիպել է Արցախի խորհրդարանի՝ Լիտվայի հետ
բարեկամության խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են
հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են
օրենսդրական, կրթական, գիտական, մշակույթի և առողջապահության ոլորտներին:
Այնուհետև Լիտվա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է
Լիտվայի Սեյմասում Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը, նշելով, որ դա
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համար միջխորհրդարանական համագործակցության նոր մակարդակ էր:
Լիտվա-Արցախ բարեկամության խմբերի նախագահներ Դալիա Կուոդիտեն և Վահրամ
Աթանեսյանը ԼՂՀ ԱԺ նախագահին են ներկայացրել աշխատանքային քննարկման
արդյունքները:
Լիտվայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Դալիա Կուոդիտեն իր խոսքում
նշել է, որ բարեկամության խմբի ստեղծման ժամանակ իրենք առաջնորդվել են այն
գաղափարով, որ Արցախն առաջինն է նախկին Խորհրդային Միությունում բարձրացրել
ազատության դրոշը և Արցախի ձայնը պետք է այժմ էլ լսելի լինի միջազգային
հանրության կողմից:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Լիտվա-Արցախ բարեկամության խմբի նախագահ
Դալիա Կուոդիտեին պարգևատրեց Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված
հուշամեդալով:
Լիտվայի Սեյմասի պատվիրակությանն ուղեկցում էին Լիտվայում ՀՀ արտակարգ և
լիազոր դեսպան Արա Այվազյանը և «Լիտվա-Հայաստան ֆորում»ի համադրող Արմեն
Հայրապետյանը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն