Բաժիններ՝

Ահազանգ Ծաղկաձորից. հնագույն բացատում արժեքավոր ծառեր են հատվել. (լուսանկարներ)

Օրերս Հրազդանի ոստիկանությունն ահազանգ է ստացել. Ծաղկաձորում Գրողների ստեղծագործական տան հարակից բացատում (որն ավանդաբար առնչվել է Չարենցի, Իսահակյանի, Մաթևոսյանի և գրականության այլ մեծերի անվան հետ, իբրև նրանց սիրած զբոսավայր) թանկարժեք բնափայտ ունեցող հսկայական տանձենիներ են հատվել:

Բացատով անցնող էլեկտրական բարձրավոլտ լարերի առկայությունը հաշվի առնելով՝ վերջերս այդ տարածքում տեխնիկական պատճառներով ծառեր են հատվել, և Գրողների միության ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը կասկածներ ունի, որ բացատի 150-200 տարվա տանձենինները հատվել են այդ գործողության անվան տակ:

Caxkadzor-carahatum (3)

Caxkadzor-carahatum (4)

Տանձենու բնափայտն առհասարակ միշտ գտնվում է ծառագողերի ուշադրության կենտրոնում, քանի որ այն սովորաբար օգտագործվում է արհեստավարժ փորագրության և այլ գեղարվեստական նպատակներով: Տասնամյակներ շարունակ Գրողների ստեղծագործական տան բացատի պահպանությունը խնդիր է եղել այն դեպքում, երբ մութ ու ցուրտ տարիներին շրջակայքում հատվել են բոլոր ծառերը և օգտագործվել իբրև վառելափայտ: Սակայն Մովսես Մանուկյանին հաջողվել է ոչ միայն անձեռնմխելի պահել բնական ու հսկայական բացատը, այլև զբաղվել Ծաղկաձորի և հարակից շրջանների այլ բնապահպանական խնդիրներով:

Caxkadzor-carahatum (5)

Caxkadzor-carahatum (6)

168.am-ին նա հայտնեց, որ բացատի ծառահատումներով արդեն ոստիկանությունն է զբաղվում, իսկ իր ու համախոհների ուժերով երկու տարի առաջ ստեղծված «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է պայքարը՝ Ծազկաձորի, Հրազդանի, Հանքավանի ձորի և շրջակա տարածքների բնապահպանական աղետների դեմ:

Ինչպես նշում է Մովսես Մանուկյանը՝ հարուստ ու բնական պաշարներ ունեցող նշված շրջանները միշտ բնության թշնամիների և բնության հաշվին հարստանալ փորձողների հարձակումների տակ են:

Caxkadzor-carahatum (7)

Caxkadzor-carahatum (8)

Ծառահատումներից բացի շրջանում հայտնի են նաև Հրազդանի երկաթահանքի աղմկահարույց գործը, Մարմարիկի կիրճի մոլիբդենի, ալյումինի և առնվազն ութ ոսկու հանքերի շահագործման հնարավորությունները, որոնք շահագործման տարբեր փուլերում են գտնվում, և ըստ Մովսես Մանուկյանի, ամբողջությամբ շահագործվելու դեպքում անդառնալի հետևանքներ են ունենալու ինչպես տարածքի բնակչության առողջության, կլիմայի ու կենսաբազմազանության անխուսափելի փոփոխությունների, այնպես էլ՝ զբոսաշրջիկության կենտրոնների զարգացման վրա:

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը պայքարում է նաև Հրազդանի Քաղսի գյուղում առկա բնապահպանական մեկ այլ խնդրի դեմ՝ կապված Քաղսիի մաքրման կայանի չգործելու հետ, ինչի արդյունքում Հրազդան և Ծաղկաձոր քաղաքի կոյուղաջրերն առանց մաքրման լցվում են Հրազդան գետը, որի բնական հոսքն առանց այն էլ դադարեցված է:

Մովսես Մանուկյանը ցավ է հայտնում, որ ժամանակին Ծաղկաձորի և մերձակա տարածքների շատ անտառներ սեփականացվել են և հատվելով, տարածքն օգտագործվում է շինարարության նպատակով.

«Այդ տարածքները, իբրև սեփականություն, արդեն պարսպապատված են, հայտնի է, թե ինչ ազդեցիկ մարդկանց են պատկանում, և բնապահպաններին երբեմն չի հաջողվում պայքար տանել պարիսպներից ներս: Բոլորս էլ գիտենք, որ օրենքով արգելված է բնական անտառները, նույնիսկ եթե նրանք սեփականացված են, այլ նպատակներով շահագործելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մովսես Մանուկյանը՝ նշելով, որ հակառակ օլիգարխիկ շահերի հետ բախումներին, բնապահպանների իրենց խումբը շարունակում է պայքարը և թեկուզ փոքր, բայց արդյունքներ ունենում է:

Caxkadzor-carahatum (9)

Caxkadzor-carahatum (10)

Ինչ վերաբերվում է ծառահատումներին, Մովսես Մանուկյանը վստահեցնում է, որ ստեղծագործական տան հնագույն ու արժեքավոր բացատը գտնվում է աչալուրջ հսկողության տակ և ոչ ոքի չի հաջողվի կրկին ձեռք բարձրացնել բնության այդ հրաշքի վրա:

Խորհրդային տարիներին նույնպես բացատը հատելու փորձեր են արվել, կառավարական մակարդակով շինարարություն է սկսվել (հետքերը կան)՝ բացատի տարածքում ճամբար կառուցելու համար, սակայն, ինչպես Մովսես Մանուկյանն է նշում, մամուլում ընդամենը երկու գրողի հոդված-ահազանգից հետո աշխատանքները դադարեցվել են:
Նա ցավով է մատնացույց անում դեռևս չհասունացած տանձերից ծանրացած և անխղճորեն գետին նետված ծառի ճյուղերը.

«Սպասել թե հատված ծառերը նորից կվերականգնվեն՝ միամտություն է, բայց ոտնձգություն կատարողները պետք է պատժվեն, որպեսզի ծառ կտրողը ի վերջո հասկանա, որ, բնությանը հասցված վնասը այլ հանցագործությունների պես հավասար պատժելի է օրենքի առջև»:

Caxkadzor-carahatum (13)

Caxkadzor-carahatum (2)

Լուսանկարները՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս