
Գյումրիում երկու մեքենայի բախման հետևանքով BMW-ն հայտնվել է խանութում

tsayg.am-ը գրում է. Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Շիրակացու փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Միմյանց են բախվել ԲՄՎ և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները՝ արդյունքում ԲՄՎ-ն մայթեզրին գտնվող խանութի մեջ է մխրճվել:
«Օպել»-ի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղում շտապբուժօգնության աշխատակիցներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: Նյութական վնասի չափը ևս մեծ է: Վնասվել են և մեքենաները, և խանութը՝ գույքի և մթերքների հետ մեկտեղ:
Ականատեսները պատմել են, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել և չեն էլ հասցրել անգամ հասկանալ, թե ինչ է կատարվում, մի կերպ են դուրս վազել խանութից: Տեղում աշխատանքներ են իրականացրել ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերության աշխատակիցները: