Հայաստանը մերժում է եռադիկտատորների նորաթուխ միավորումը

«Հայաստանը Մաքսային միության մաս դարձնելու` Կրեմլում հայտարարված նպատակը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, ոտնահարում է մեր իրավունքներն ու արժանապատվությունը և մեզ վերստին դարձնում Ռուսական կայսրության ճորտեր: Մեր հայրենիքին սպառնացող այս վտանգը կանխելու համար մենք «ոչ» ենք ասում մեզ պարտադրված հերթական բռնի միությանը»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանը, արդեն մի քանի օր է, պայքար է սկսել` հանուն Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու, և Սերժ Սարգսյանից պահանջում էր կա՛մ Վիլնյուսում ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, կա՛մ հրաժարական տալ: Չնայած այսօր երեկոյան արդեն պարզ էր, որ Հայաստանն ասոցացման համաձայնագիրը չի ստորագրելու, Ազատության հրապարակում նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի կամ պաշտոնանկության պահանջ չառաջադրվեց: Միայն հանրահավաքի ժամանակ ընթերցված հայտարարության մեջ կար այսպիսի նախադասություն.

«ՀՀ իշխանություններն այլընտրանք չունեն՝ կամ ենթարկվել ժողովրդի կամքին ու Սահմանադրությանը, կամ հեռանալ»: Իսկ ժողովրդի կամքն, ըստ Պարույր Հայրիկյանի, արտահայտվել է դեռևս 90-ականների սկզբին, երբ որդեգրվել է եվրոպամետ քաղաքականություն: Հիմա ավելի հեշտ է լինելու հասարակությանը բացատրել և կողմնորոշել, քանի որ մի կողմում` ժողովրդավարական Եվրոպան է, 28 երկրներով և 16 տրիլիոն համախառն ներքին արդյունքով, իսկ մյուս կողմում` «եռադիկտատորների նորաթուխ միավորումը»՝ 2 տրիլիոն համախառն ներքին արդյունքով:

Իսկ արդյո՞ք Հայրիկյանն արտահայտում է ժողովրդի կամքը, արդյո՞ք հայ հասարակությունը կողմ է Ասոցացման համաձայնագրին և մերժում է Մաքսային միություն մտնելու որոշումը:

Այսօրվա հանրահավաքին մասնակցում էր առավելագույնը 200 մարդ: Իհարկե, եղանակն անձրևային էր, և դրսում կանգնելը` ոչ այնքան հաճելի, բայց Հայրիկյանն ինքն է ասում, որ «հայրենասեր մարդու համար եղանակը չպետք է խոչընդոտ լինի»:

"To Remain Silent is a Suicide" action took place on Freedom Square "To Remain Silent is a Suicide" action took place on Freedom Square "To Remain Silent is a Suicide" action took place on Freedom Square

Հայրիկյանը հանրահավաքի սակավամարդությունը բացատրում է հայ ժողովրդի` վախեցած լինելու հանգամանքով: Բայց եթե հայ ժողովուրդն այն աստիճան վախեցած է, որ չի համարձակվում փողոց դուրս գալ և բողոքել իրեն պարտադրվող Մաքսային միությունից, ապա ինչպե՞ս պետք է այդ հասարակությունը հակադրվի իրեն վախեցնողներին:

Պարույր Հայրիկյանը համոզված է, որ դա հնարավոր է, քանի որ ժամանակին ինքն էլ իր մի խումբ ընկերների հետ դեմ է դուրս եկել խորհրդային ամբողջատիրությանը և հաղթել: «Երբեմն մի ծաղկով էլ է գարուն գալիս»- հայտարարեց Պարույր Հայրիկյանը, անկասկած, գարուն բերող ծաղկի դերում տեսնելով իրեն:

Իհարկե, Հայաստանում Եվրոինտեգրման կողմնակիցներն Ազատության հրապարակում հավաքված 200 հոգին չեն, նրանց թիվն անհամեմատ մեծ է: Հնարավոր է, որ այդ մարդկանց մեծամասնությունն իսկապես վախեցած է և վախենում է` իր տեսակետն արտահայտելու դեպքում զրկվի աշխատանքից և նույնիսկ բարձր պաշտոնից, մյուսները չեն հավատում, որ հանրահավաքով կամ բողոքելով հնարավոր է ինչ-որ բան փոխել:

Բայց կա այլ հանգամանք ևս. եվրոինտեգրման կողմնակիցների մի մասն իր պասիվությունը բացատրում է նրանով, թե Հայրիկյանը չէ այն մարդը, ով պետք է ղեկավարի հօգուտ եվրոինտեգրացիայի պայքարը:

Օրինակ, Ազատության հրապարակում էր ՀԱԿ անդամ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը: Քանի որ ՀԱԿ-ը չի արտահատվել ոչ հօգուտ եվրոինտեգրացիայի, և ոչ էլ ընդդեմ ՄՄ-ի Ոսկերչյանին հարցրեցինք, թե արդյոք իր ներկայությունը նշանակում է, որ ինքը կողմ է Եվրոինտեգրացիային և մերժում է ՄՄ-ին անդամակցելու որոշումը: «Այո, կողմ եմ Եվրոինտեգրացիային, բայց ոչ Հայրիկյանի հետ»,- ասաց նա և հեռացավ հրապարակից:

Նա և էլի շատերը կլինեին հրապարակում, եթե հարթակում լիներ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Բայց փաստ այն է, որ միայն Պարույր Հայրիկյանն է հրապարակային պայքարում հանուն եվրոինտեգրացիայի և ընդդեմ Մաքսային միության: Մյուսները կամ Մաքսային միության ծպտյալ կողմնակիցներ են, կամ հիվանդ են, կամ եվրոինտեգրացիայի անհրաժեշտության մասին գերասում են խոսել խոհանոցներում:

Հայրիկյանը բողոքեց ՀՀ բոլոր երեք նախագահներից: Լևոն Տեր-Պետրոսյանին նա բնորոշեց, որպես պետական մտածողությունից զուրկ գործիչ, ով Անկախության հռչակագրի ընդունման տարում ֆրանսիական «Մոնդ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Ես դեմ եմ Հայաստանի անկախությանը», իսկ երբ լրագրողը հարցրել է, «Իսկ եթե Խորհրդային Միությունը փլուզվի», Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Այդ դեպքում մի բան կմտածենք»: Ռոբերտ Քոչարյանին Հայրիկյանը մեղադրեց` «Գույք` պարտքի դիմաց» գործարքով Հայաստանի սեփականությունը Ռուսաստանին զիջելու, իսկ Սերժ Սարգսյանին` Հայաստանի եվրոինտեգրացիան վիժեցնելու և Հայաստանը Մաքսային միությանը միացնելու մտադրության համար:

Հայրիկյանը հայտարարեց, որ իրենց պայքարը շարունակական է լինելու. իրենք առաջիկա շաբաթվա ընթացքում ուսումնասիրելու են Վիլնյուսի գագաթաժողովի արդյունքները և մեկ շաբաթից` նոյեմբերի 6-ին, նոր հանրահավաք են հրավիրելու:

Տեսանյութեր

Լրահոս