Պուտինի այցի օրը բողոքի ակցիա են իրականացնելու

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը որոշել է բողոքի ակցիա իրականացնել դեկտեմբերի 2-ին ժամը 13:00-ին` Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա – Հանրապետության Հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի Պողոտա – Բաղրամյան պողոտա – նախագահական նստավայր ուղղությամբ: Նախաձեռնող խմբի կազմում են նաև «Ազատ Դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում Միավորում», «Ժառանգություն» և «Հայազն» կուսակցությունների անդամներ, «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակ», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը», «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խմբի և այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

Հավաքը և երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից.
–Հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները,
–Գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան,
–Կասեցնել մաքսային միությանն անդամակցության գործընթացը,
–Հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից։

Կոչ ենք անում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին, նախաձեռնություններին ու անհատներին միանալ դեկտեմբերի 2-ին տեղի ունենալիք բողոքի միջոցառումներին:

«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնող խումբ  

Տեսանյութեր

Լրահոս