«Ռուսաց լեզվի միջոցով մենք ձուլված ենք ապագայի հետ»` Հայաստանում ռուսական խոսքի VI օրեր-2013
2013թ. դեկտեմբերի 3-ից 7-ը Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո կանցնեն Հայաստանում ռուսական խոսքի VI օրերը` «Ռուսաց լեզվի միջոցով մենք ձուլված ենք ապագայի հետ» խորագրով: Օրերը նվիրված են ռուս բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, թատերագիր Վ. Բրյուսովի 140-ամյակին:
Հայաստանում ռուսական խոսքի VI օրերն անցկացվում են ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների գործերով և միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալության, ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի, Ռուսագետների հայկական ասոցիացիայի և Ռուսաստանյան բուհերի ուսանողների հայկական ասոցիացիայի կողմից:
Ռուսաստանյան կողմից Ռուսական խոսքի օրերին կմասնակցեն հայտնի գիտնականներ և դասխոսներ. Ա.Ս. Պուշկինի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտի Ռուսական բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչ Վլադիմիր Աննուշկինը, Լոմոնոսովի անվան ՄՊՀ Բանասիրական ֆակուլտետի Արտասահմանյան ուսանողների համար ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Լարիսա Դունաևան, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի Սլավոնական լեզուների և նրանց ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Ելիզավետա Խամրաևան և այլոք:
Ռուսական խոսքի օրերի անցկացումը նախատեսում է ընդարձակ մշակութային և գիտական ծրագիր` ուղղված Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի տարածմանը, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի համար ավանդական դարձած փոխարդյունավետ հարաբերությունների ամրապնդմանն ու կատարելագործմանը:
Օրերի ծրագրում են. Գիտական և գիտակիրառական կոնֆերանսներ և սեմինարներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր և բաց դասեր` նվիրված ռուսաց լեզվի և գրականության դասավանդման ոլորտում ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին: Մասնավորապես` կանցնի Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների դասախոսների, ասպիրանտների, մագիստրանտների և ուսանողների միջազգային IV գիտակիրառական կոնֆերանսը` «Ռուսաց լեզուն որպես միջառարկայական կապերի իրականացման միջոց կրթության ժամանակակից պարադիգմայում»:
Բացի այդ` ծրագրվում է գրական հանդիպումների և երեկոների կազմակերպում, իսկ Հայաստանի դպրոցականների և ուսանողների համար կկազմակերպվեն ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի մրցույթներ և հանելուկախաղեր:
Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար` Լիանա Ազոյան