«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության ուղերձը Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ
«Հարգելի գործընկերներ,
Սերժ Սարգսյանը, վերջին պահին հրաժարվելով ԵՄ-ի հետ Ասոցացման եւ ԽՀԱԱԳ-ի համաձայնագրերի նախաստորագրումից, նույնն է՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու իր պարտավորությունից, ցույց տվեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում աշխատել է՝ բացառապես իր արտաքին լեգիտիմությունն ապահովելու համար: Ցավում ենք, որ եվրոպական կառույցները, գիտակցելով, որ գործ ունեն ավտորիտար ռեժիմի հետ, համագործակցել են երկրի ներսում լեգիտիմություն չունեցող, զանգվածային եւ համակարգային ընտրակեղծիքների միջոցով իշխանությանը տիրացած Սերժ Սարգսյանի և նրա թիմի հետ:
Մենք վերահստատում ենք, որ Հայաստանի համար ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը այլընտրանք չունի: Ուստի, ամենայն հարգանք տածելով Մաքսային միության բոլոր առկա եւ հավանական անդամների հանդեպ, գտնում ենք որ այդ միավորումը չի կարող ապահովել Հայաստանի ինքնիշխանությունը ժողովրդավարացման իմպերատիվը, ուստի դրան միանալը հակասում է մեր երկրի շահերին:
Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության մաս է եւ կանգնած է համամարդկային, այդ թվում՝ եվրոպական արժեքների ակունքներում: Մենք կրում ենք ժողովրդավարական արժեքային համակարգը և չենք հանդուրժելու ո՛չ ապօրինի վարչակարգ, ո՛չ էլ արտաքին կառավարում, քանի որ ազատությունն ու անկախությունը մեր ինքնության հիմքն են:
Մենք հայտարարում ենք, որ՝
Սերժ Սարգսյանը, նրա ձեւավորած կառավարությունը և նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդին եւ նրա շահերը: Բացառապես ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով ընտրված իշխանություններն են իրավասու և լիազոր որոշում կայացնել Հայաստանի՝ այս կամ այն միջազգային ձեւաչափերում ընդգրկվելու մասին՝ միայն ՀՀ սահմանադրության հիման վրա:
«Հայք» երիտասարդական-ուսանողական միություն
28 նոյեմբերի, 2013թ.
Երևան, Հայաստանի Հանրապետություն