Վարդգես Գասպարին ՄԻՊ գրասենյակի դիմաց 24 ժամյա հացադուլ և նստացույց է սկսել
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր կեսօրից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց 24 ժամյա հացադուլ և նստացույց է սկսել՝ պահանջելով, որ Պաշտպանի աշխատակազմը հրապարակի՝ իրեն օգոստոսի 23-ին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ ունեցած ողջ տեղեկատվությունը, այնինչ, Պաշտպանի աշխատակազմը ժամանակին ուղարկել է պարոն Գասպարիին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ամբողջական տեղեկատվությունը ոստիկանությունից ստացված պատասխանների վերաբերյալ: Այնուհանդերձ, այսօր նրան նաև առձեռն տրամադրվեց արդեն իսկ ուղարկված փաստաթղթերի պատճենները:
Պաշտպանի գլխավոր խորհրդական Ռուբեն Մարտիրոսյանը զրուցել է Վ. Գասպարիի հետ, հրավիրել ընդունարան, սակայն նա հրաժարվել է:
Պաշտպանի աշխատակազմի կողմից Վարդգես Գասպարիին է առաջարկվել տաք ըմպելիք՝ թեյ կամ սուրճ, ինչպես նաև վատ եղանակի դեպքում պատսպարվելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
Պաշտպանի գլխավոր խորհրդականը քիչ առաջ մուտքի մոտ ժամանած ոստիակններին հորդորել է չխոչընդոտել պարոն Գասպարիի նստացույցին՝ համարելով, որ դա նրա իրվունքն է և բողոքը արտահայտելու նրա նախընտրած տարբերակը:
Պաշտպանի աշխատակազմ