
Ինչու է ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստը տեղափոխել այսօր

Իշխող Հանրապետական կուսակցությունում այսօր 20:00-ին տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Նշենք, որ սովորաբար ՀՀԿ ԳՄ նիստերը տեղի են ունենում հինգշաբթի կամ ուրբաթ օրերին, սակայն հանրապետականները որոշել են հանդիպել այսօր, քանի որ առաջիկա օրերին նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքում չի լինելու:
Վաղը նա, ինչպես հայտնի է, մեկնում է Վիլնյուս` մասնակցելու Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Ուստի որոշվել է ՀՀԿ-ականների հետ հանդիպել այսօր: Ենթադրվում է, որ հենց այցի մասին էլ նախագահը կուսակցականների հետ քննարկում կանցկացնի: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հաստատեց, որ ՀՀԿ ԳՄ նիստը տեղի կունենա այսօր, բայց դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե ինչո՞ւ է նիստի օրը փոխվել:
«Չգիտեմ, տեղյակ չեմ՝ ինչու է փոխվել: Այսօր է ԳՄ նիստը, բայց թե ինչո՞վ է պայմանավորված փոփոխությունը…»,- նշեց նա:
Մեր այն հարցին՝ արդյո՞ք դա պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանը մեկնելու է և չի կարողանալու առաջիկա երկու օրերին հանդիպել ՀՀԿ-ականներին, Հովհաննես Սահակյանն ասաց. «Տեսեք, Դուք ավելի լավ եք իրազեկված»: Հարցին, թե չե՞ք բացառում, որ պատճառը դա է, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Այո, այո»: