Ի՞նչ նվերներ է մատուցել Ալիևը ԱՄՆ առաջնորդներին
ԱՄՆ պետքարտուղարության արարողակարգի վարչության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ ամերիկացի պաշտոնյաներն Ադրբեջանի կողմից 2012թ. բավականին շքեղ նվերներ են ստացել: ԱՄՆ օրենսդրության համաձայն` 20 դոլարից բարձր արժողությամբ նվերները չեն կարող ընդունվել պաշտոնատար անձանց կողմից, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ այցերի ժամանակ նրանք բավականին թանկարժեք նվերներ ընդունել են` համարելով, որ դրանք վերադարձնելն անբարեկիրթ կդիտվի, գրում է Haqqin.az-ը: ԱՄՆ վերադառնալուն պես նրանք թանկարժեք նվերները հանձնել են Արխիվների ազգային վարչություն կամ ուղարկել ծառայողական նպատակներով օգտագործման:
Պետքարտուղարության տեղեկատվության մեջ նշվում են մինչեւ 10 000 դոլար աժողությամբ նվերների ստացման մասին:
Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2012թ. հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նվիրել է «Շուշի» կոչվող գորգ, արծաթյա ոսկեզօծ երկու գավաթ, «Ադրբեջան. հանդուրժողականության տարածք» գիրքը ընդհանուր` 420 դոլար արժողությամբ: Ինչպես նաեւ Քլինթոնի դիմանկարը` ոսկյա շրջանակով` 500 դոլար արժողությամբ: Գրեթե նույնպիսի նվերներ են մատուցվել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Ադրբեջանի ղեկավարության կողմից «չեն անտեսվել» նաեւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը եւ պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորյա Նուլանդը, որոնց 405-1450 դոլար արժողությամբ նվերներ է փոխանցել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը: Ուշագրավ է, որ նշված անձանց որպես նվեր նաեւ սեւ խավար է մատուցվել, որի արժեքը գնահատվում է 500 դոլար: Ամերիկացի պաշտոնյաները, ի դեպ, խավիարը նույնպես հանձնել են ընդհանուր բաժին:
Կան տեղեկություններ նաեւ ավելի վաղ մատուցված նվերների մասին: Օրինակ, նախկին փոխնախագահ Դիք Չեյնին ավելի թանկարժեք նվերներ է ստացել. 2008 թ. Ալիեւը Չեյնիին 10 տուփ խավիար է նվիրել, թովուզյան կոնյակ, 10 տուփ նռան հյութ` 2178 դոլար արժողությամբ, մետաքսե ձեռագործ գորգ` 6 800 դոլար արժողությամբ: