ՄԻՊ-ը գրասենյակում նախապատվությունը տալիս են թանկարժեք գինուն
Ընդամենը 20 օր առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովում 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ լրացուցիչ 10 միլիոն դրամ էր խնդրում՝ արագ արձագանքման խումն աշխատացնելու համար։ Ավելին, Կ. Անդրեասյանը ասում էր, որ այդ գումարը հնարավոր է հայթայթել, եթե մի երկու համերգ կամ մի երկու գործուղում պակաս ֆինանսավորվի։
Այս հայտարարությունից հետո շատերին թվացել էր, թե ՄԻՊ գրասենյակը աշխատում է խիստ խնայողության ռեժիմով և գումարը չի բավականացնում անգամ հույժ կարևոր խումբն աշխատեցնելու համար։
Սակայն պարզվում է՝ Կարեն Անդրեասյանի աշխատակազմում նույնպես ճոխության հետ սեր ունեն։
Կառավարության e-gov.am կայքում, որտեղ ներկայացված են ՀՀ պետական կառույցների կողմից մեկ անձից կատարվող գնումները, կա ՄԻՊ-ի կողմից կատարված մի շատ հետաքրքիր գնում։ Գնման պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 5-ին, գործարքի արժեքը՝ 732 200 դրամ։ Որպես գնման առարկա՝ նշված է «խորհրդակցության կազմակերպման ծառայություն»։
Թե այդ ինչ խորհրդակցություն է, փաստաթղթից պարզ չի դառնում։ Փոխարենը պարզ է դառնում, որ այդ 732 200 դրամով ՄԻՊ-ը «Արտէքսիմ» ՍՊԸ-ից ձեռք է բերել ընդհանուր առմամբ 36 շիշ կոնյակ և գինի։ Այդ թվում՝ երկու շիշ Pavillon Blanc du Château Margaux, յուրաքանչյուրը՝ 165 հազար դրամով։ Թե ում պետք է հյուրասիրեին այդ թանկարժեք գինին, պարզ չէ։