Ժնևի Club Suisse de la Presse-ում դեսպան Շառլ Ազնավուրը մրցանակ է հանձնելու բարոնուհի Քերոլայն Քոքսին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Ժնևի Club Suisse de la Presse-ում դեսպան Շառլ Ազնավուրը Եվրոպա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում իր ակնառու նվաճումների համար մրցանակ է հանձնելու բարոնուհի Քերոլայն Քոքսին: Ըստ հաղորդագրության՝ մրցանակը նպատակ ունի բարձրացնել Եվրոպայի օրակարգում Հայաստանի դերի մասին տեղեկացվածությունը, խրախուսել եւ քաջալերել Եվրոպայի և Հայաստանի միջև կամուրջների կառուցմանն ուղղված այլ նախաձեռնությունները, պատվի արժանացնել զարգացող Եվրոպա-Հայաստան հարաբերությունների նվաճումները, ինչպես նաեւ ցույց տալ Հայաստանի և Եվրոպայի միջև լավ հարաբերությունների կարեւորությունը:
Տեղեկացնենք, որ Եվրոպա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ակնառու նվաճումների համար Շառլ Ազնավուրի անվան մրցանակը հանձնվում է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ ՀԿ-ի (www.EuFoA.org), ինչպես նաև Եվրոպա-Հայաստան Խորհրդի (ԵՀԽ, www.EAAC.EuFoA.org) կողմից:
Մաեստրոն և բարոնուհին ելույթ կունենան ժամը 18:00-ին կայանալիք հանդիսության ժամանակ Ժնևի Club Suisse de la Presse-ում:
Եվրոպա-Հայաստան խորհուրդը ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ որպես մրցանակի առաջին ստացող, 2013-ի փետրվարի 16-ին Երևանում կայացած իր երկրորդ Գլխավոր ժողովի ժամանակ: Բարոնուհի Քոքսը պատվով ընդունել է այն: Հայաստան-Եվրոպա հարաբերություններին աջակցելու նրա երկարատև վաստակը դուրս է զուտ քաղաքական կուսակցության գծից և մեծ շեշտադրում ունի մարդու իրավունքների վրա:
Հավելենք, որ ի թիվս այլոց, միջոցառմանը կմասնակցեն Մաեստրո Ազնավուրը և նրա որդին՝ Նիկոլան, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը, Հայաստան-Եվրոպա խորհրդի անդամ Հանս-Յոհան Շմիդթը, ինչպես նաև Ժնևի միջազգային և պետական կառույցների անդամներ: