
Չարժե անգամ մոտենալ

«Լավ բանի անդամ լինելը լավ բան է… լավ միավորման, քաղաքակիրթ միավորման հենց միայն անդամ լինելն արդեն լավ բան է: Բայց ի՞նչ տարբերություն` վատ կառույցում շարքայի՞ն անդամ ես, թե՞ հիմնադիր անդամ»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով այն գնահատականներին, թե դրական է, որ Հայաստանը կարող է համարվել Մաքսային միության հիմնադիր անդամ-պետություն: Ըստ Ալ. Արզումանյանի` նման կառույցում ոչ միայն պետք է հիմնադիր չլինել, այլև` պետք է ընդհանրապես չանդամակցել. «Եթե այդ վատ կառույցում սահմանափակվում է քո ինքնիշխանությունը, եթե քեզ անկախության տարրերից են զրկում, ապա ոչ միայն չարժե լինել, այլ ընդհանրապես չարժե լինել, մոտենալ էլ նման կառույցին պետք չէ: Վատ ակումբի անդամ լինելը վատ է, անկախ նրանից` հիմնադի՞ր անդամ ես, թե՞ ոչ»: Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը նախկին արտգործնախարարը գնահատել է «սրընթաց», ապա նշել, որ Մաքսային միությունը «ռուսական կայսրության նորովի վերստեղծման» միավոր է, ու նման ակտիվությամբ այդ կառույցին անդամակցելու քայլերը տարակուսանք են առաջացնում: «Հավանաբար մեր ստրատեգիական գործընկերոջ ճնշումն այնքան ուժեղ է, որ ստիպված ենք… Խոսքը գնում է մի քանի հարյուր փաստաթղթերի մասին, կան փաստաթղթեր, որոնք, հավանաբար, հակասության մեջ կմտնեն ՀՀ Սահմանադրության հետ: Դրանք պետք է քննարկվեն խորհրդարանում, ուղարկվեն ՍԴ»,- նշել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում: