«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի hայաստանյան փուլի հաղթողները hայտնի կդառնան նոյեմբերի 23-ին
2013 թ. նոյեմբերի 23-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի հայաստանյան փուլի մրցանակաբաշխությունը և լուսանկարների ցուցահանդեսի բացումը։
«Վիքին սիրում է հուշարձանները», որը Գինեսի գրքի կողմից ճանաչված է որպես աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ, տեղի է ունենում ամեն տարի սեպտեմբեր ամսին։ Մրցույթի մասնակիցները լուսանկարում են հուշարձաններ և լուսանկարները բեռնում Վիքիպեդիա հանրագիտարանի քույր նախագիծ Վիքիպահեստում: Այս տարի մրցույթին մասնակցած ավելի քան 50 երկրների շարքում էր նաև Հայաստանի Հանրապետությունը՝ Արցախի հետ միասին: Մեկ ամսվա ընթացքում մրցույթի հայաստանյան մասնակիցները բեռնեցին շուրջ 24.000 լուսանկար․ այս ցուցանիշով Հայաստանը աշխարհում զբաղեցրեց 4-րդ տեղը` առջևում թողնելով միայն Լեհաստանին, Գերմանիային և Ուկրաինային։
Մրցույթի հայաստանյան ժյուրիի կազմում են․ վաստակավոր լուսանկարիչ Պողոս Պողոսյանը, Երևան ամսագրի հրատարակչության տնօրեն Էդուարդ Այանյանը, «Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտի» տնօրեն Հայկ Թամանյանը, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, անիմատոր Նաիրա Մուրադյանը, լուսանկարիչներ Կարեն Միրզոյանը և Արթուր Բարսեղյանը։
Լավագույն ճանաչված 100 լուսանկարների բոլոր հեղինակները կստանան խրախուսական մրցանակներ, իսկ լավագույն 10 հեղինակները՝ մրցանակային նվերներ։ Կտրվեն նաև հատուկ մրցանակներ։ Մրցանակաբաշխության արարողությանը կմասնակցեն Վիքիմեդիա Հայաստանի անդամներ, Հայերեն Վիքիպեդիայի և այլ Վիքի նախագծերի ակտիվ մասնակիցներ, ժյուրիի անդամները։
Ազգային գրադարանի ճեմասրահում բացվող լավագույն լուսանկարների ցուցահանդեսը այցելուների համար բաց կմնա մեկ շաբաթ, այնուհետև կտեղափոխվի Գորիս, Շուշի, Վանաձոր և Գյումրի։
Հայաստանյան 10 լավագույն լուսանկարները կմասնակցեն միջազգային մրցույթին, որի արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 10-ին։