
Հովիկ Աբրահամյան. «Հայի խասյաթ ա, մի հատ հյուրանոց սարքենք ստեղ» (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով մեկնել է Ուրուգվայ: Ըստ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանից մեկնած պատվիրակությունը շրջայց է կատարել Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայի շենքում: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելել են նաև Մոնտեվիդեոյի կենտրոնում գտնվող «Արմենիա» հրապարակ, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
«Մեզ համար` Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի համար, շատ կարևոր է, որ աշխարհի ծայրում ունենք կուռ, միասնական համայնք, որը կարողացել է ստեղծել նման պայմաններ»,- հայտարարել է ԱԺ նախագահը:
Իսկ «Արմենիա» հրապարակին մոտենալիս՝ Հ. Աբրահամյանը զրուցելով Դանիլո Աստորիի հետ, ծիծաղելով ասում է. «Հայի խասյաթ ա, մի հատ հյուրանոց սարքենք ստեղ»:
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի