Առաջարկում են նկարահանել «փրկարարները» սերիալ
Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման և դիմակայման համակարգի ստեղծումը և զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ Հայաստանում ձևավորված չէ փրկարարի կերպարը և առաջարկեց, որպեսզի փրկարարների մասին նկարահանվեն փոքրիկ տեսանյութեր, այդ թվում՝ նաև «Բանակումի» նման սերիալ` փրկարարի մասին։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը իր խոսքում նշեց, որ իրենք ամեն ինչ անում են փրկարարի կերպարը ձևավորելու համար, քանի որ աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում փրկարարը համարվում է ամենահարգված մասնագիտությունը։ Ըստ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի, ինքը իր գործողություններով ևս փորձում է հանրության մոտ ձևավորել փրկարարի դրական կերպար։ Սակայն դա ոչ միշտ է հաջողվում։ Որպես օրինակ, նա նշեց վերջերս Կիևյան կամրջի մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպը, և երբ ինքը անձամբ է համոզել ինքնասպանության փորձ անող երիտասարդին հրաժարվելու նման քայլից, որը սակայն մեկնաբանվել է այնպես, թե իբր՝ նախարարը, ինքն է անձամբ այդ մասում տարել կանգնեցրել կամրջի վրա՝ շոու կազմակերպելու համար։ Նախարարն ասում էր, որ հիմա ինքը շատ դեպքերում կաշկանդվում է որևէ բան անել, մտածելով, որ դա կարող է այլ կերպ մեկնաբանվել։