Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած կողմը խնդրել է հանրությանը ազգովի նախաքննություն չկատարել
Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի նոր փաստաբան Ռուբեն Բալոյանը վստահ է՝ առանց հիմքերի հնարավոր չէր, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանք կիրառվեր:
panorama.am-ի փոխանցմամբ` տուժող կողմի համար, ըստ Բալոյանի, անընդունելի են մամուլում կոպիտ արտահայտություններով հրապարակումները, մասնավորապես, նա մատնանշեց ԶԼՄ-ներից մեկում տպագրված մի արտահայտություն՝ ««Նիվա»-ի մեջ խցկել են 6 հոգի մարդու»:
«Ի՞նչ է նշանակում խցկել են, չի կարելի նման վերաբերմունքի արժանացնել մարդկանց», – տարակուսած է տուժող կողմի ներկայացուցիչը: Նա պնդել է՝ ուղևորների քանակը և այս դեպքում, և ընդհանրապես, չի կարող վթարի պատճառ հանդիսանալ: Փաստաբանն ասել է, որ ինքը ընդամենը մեկ օր է, ինչ ներգրավվել է գործում, հետևաբար չի կարող գնահատականներ կամ դիտարկումներ ներկայացնել: Սակայն մինչև գործի նյութերին ծանոթանալը, նա ուսումնասիրել է վթարի մասին Գագիկ Շամշյանի լուսանկարները, որոնցում պարզ երևում է, որ «ԲՄՎ»-ի վարորդը կանգնած է հողածածկ գոտում: Իսկ դա, ըստ Բալոյանի, նշանակում է, որ բախման տեղը երթևեկելի մասից դուրս է, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ բախումը եղել է երթևեկելի մասում:
Փաստաբանի փոխանցմամբ, տուժող կողմին՝ Հակոբյանների ընտանիքին, հետաքրքրում է բացառապես օբյեկտիվ քննությունը և նաև այն, որ «անհարկի քննարկումներ չլինեն»:
«Տուժող կողմը խնդրում է, որ մեղավորության հարցը չդրվի համընդհանուր քվեարկության: Քվեարկությամբ չի որոշվելու մեղավորությունը, բայց այնպիսի տպավորություն է, որ ազգովի նախաքննություն ենք կատարում: Չի կարելի: Տուժող կողմի ողբերգությունը առ այսօր չի շահարկվել, բայց սիրված դերասան անունը շահարկում են: Չի կարելի սրանով վրդովեցնել տուժող կողմին: Եկեք կոռեկտ լինենք մեր հայտարարությունների մեջ. կա նախաքննության մարմին, թող միջնորդություններ ներկայացնեն ու պետք չէ անհարկի, վաղաժամ հանդես գալ հայտարարությամբ ու ավելորդ մեկնաբանություններ անել», -կայքի հետ զրույցում հայտարարել է փաստաբան Բալոյանը:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: