
Վարչապետի օգնականը՝ կուսակցության նախագահ

Նոյեմբերի 23-ին կայանալիք ՍԴՀԿ համագումարը պետք է ընտրի կուսակցության ատենապետ: 168.am-ի տեղեկություններով` կուսակցության ատենապետի հիմնական հավակնորդը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Նարեկ Գալստյանն է: ՍԴՀԿ կանոնադրությամբ` կուսակցության ատենապետը չի կարող նշանակովի պաշտոն զբաղեցնել և կուսակցության ատենապետ ընտրվելու դեպքում նա պետք է ազատվի աշխատանքից:
Կուսակցության անդամների մոտ այս հանգամանքը տարակարծությունների տեղիք է տվել, որովհետև նրանք չեն հասկանում, թե ինչո՞ւ պետք է Գալստյանը վարչապետի օգնականի աշխատանքը փոխի կուսակցության ատենապետի հետ, որը հասարակական աշխատանք է: Նրանք համարում են, որ կամ Նարեկ Գալստյանը մտածում է, որ վարչապետին պաշտոնավարելուն քիչ ժամանակ է մնացել և պետք է այլ զբաղմունք գտնել, կամ՝ վարչապետը նախագահական ամբիցիաներ ունի և իր համար քաղաքական հենարաններ է ստեղծում ՀՀԿ-ից դուրս:
Ճիշտ է՝ ՍԴՀԿ-ն բավական թույլ և քաղաքական ազդեցություն չունեցող կուսակցություն է. բաժանված մի քանի մասերի, բայց թեկուզ փոքր չափով՝ կարող է օգտակար լինել :