«Բուժաշխատողի նկատմամբ բռնությունն անթույլատրելի է»
«Ցավալիորեն հաճախակի են դառնում դեպքերը, երբ մեզանում ոտնձգություն ու բռնարարք է կիրառվում բուժաշխատողների նկատմամբ:
2013թ.-ի նոյեմբերի 21-ին, ժամը 00։53-ին Սասունցի Դավիթ նրբանցք 35ա հասցեից «Շտապբուժօգնությունե ՓԲԸ 1-03 ծառայությունում Սրբուհի Տոնիկյանի անվամբ գրանցվել է N 71 կանչը (Ս.Տոնիկյանը քրոնիկ հիվանդ է և բազմիցս է դիմել շտապբուժօգնության ծառայությանը, ախտորոշվում էր թոք-սրտային անբավարություն)։
Կանչի պահին թ.4 ենթակայանում և մոտակա մյուս ենթակայաններում ազատ բրիգադ չլինելու պատճառով կանչը փոխանցվել է Նուբարաշենի հենակետային կայան, որտեղից էլ բժշկուհի Ժաննա Բաբայանի բրիգադան անմիջապես մեկնել է կանչի հասցեով ու կանչի գրանցումից 17 րոպե անց եղել է տեղում։
Մեքենայից իջնելուն պես հիվանդի տղամարդ հարազատներից մեկր բռնելով բժշկի հագուստից նրան քարշ է տվել տուն և գցել արդեն մահացած իր հարազատի վրա: Միաժամանակ հայհոյանքների տարափ է տեղացել և սպառնացել դանակով: Բուժքույրն օգնության է կանչել վարորդին, ով մի կերպ կարողացել է սպառնացողի ձեռքից խլել դանակը: Օգտվելով պահից բժիշկը, պատառոտված համազգեստով, դուրս է փախել և բրիգադը վերադարձել է ենթակայան, որտեղ կատարվածի մասին տեղեկացրել է տնօրինությանն ու այդ մասին հայտնել ոստիկանությանը: Ոստիկանության ուղեգրով բժշկուհին առավոտյան դիմել է դատաբժշկական քննության:
Նույն օրը, արդեն ժամը 13:52-ին Դավթաշեն 5-րդ փողոցի 25ա հասցեից 1-03 ծառայությունում Վարդան Ծառուկյանի անվամբ գրանցվել է N 273 կանչը: Կանչին մեկնել է թիվ 2 ենթակայանի բժիշկ Գագիկ Ներսիսյանի N21 բրիգադը, որը նշված հասցե է հասել կանչից 6 րոպե անց: Բրիգադի ներս մտնելուն պես շնչահեղձ լինող հիվանդը բժշկին ասել է, որ 40 րոպե շարունակ հարազատներին խնդրել է շտապօգնություն կանչել: Առաջնային բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում (թթվածին տալու ժամանակ) հիվանդը մահացել է: Բժիշկը կատարել է վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումներ, սակայն ապարդյուն: Երբ այս մասին հայտնել են հիվանդի որդուն՝ վերջինը հարձակվել է բժշկի վրա ու սկսել հարվածել կրծքավանդակին ու գլխին: Ներկայումս բժիշկը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի նեյրովիրաբուժական բաժանմունքում:
Ցավակցելով հանգուցյալների հարազատներին՝ Երևանի քաղաքապետարանն այդուհանդերձ խստորեն դատապարտում է բժշկի և, ընդհանրապես, բուժաշխատողների նկատմամբ ցանկացած բռնարարք կամ ոտնձգություն և զսպվածության ու հանդուրժողականության կոչ է անում բոլորին»:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն