Եվգենի Բիբինը «բարեփոխումներ» է սկսել ՀԷՑ-ում
Հայաստանի էլեկտրական ցանցերում աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սպասվում: Այսօր աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնելու
ՀԷՑ-ի տարածքում:
2011 թ. սկզբին ՀԷՑ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո Եվգենի Բիբինը «բարեփոխումների» շարք է սկսել ընկերությունում:
ՀԷՑ-ի խոշոր սպառողների դեպարտամենտի ղեկավար Ռաֆիկ Ասկարյանը «168 Ժամին» պատմեց, որ իր նշանակումից հետո Բիբինը որոշ մասնաճյուղեր վերածել է դեպարտամենտների, հիմա էլ իրենց դեպարտամենտն է մտադիր «ցրել», մինչդեռ ամենաքիչ կորուստներն իրենց դեպարտամենտում են. «2003-ին ստեղծվել է Երևանի մեր մասնաճյուղը, որը 15-18% կորուստով ընդունել ենք, դարձրել ենք 2.5%: Իրենք են ասում, որ հանրապետության լավագույն մասնագետներն են այստեղ հավաքված: Ուրեմն լավագույն աշխատակիցներն ենք, ու մեզ գցում է փողո՞ց»:
Անցած շաբաթվա վերջին ընկերության իրացման տնօրեն Աշոտ Թոխունցը Ռ. Ասկարյանին հրավիրել է Բիբինի հետ հանդիպման` քննարկելու ընկերության «օպտիմիզացիայի» հարցերը, և հենց հանդիպման ժամանակ Բիբինը հայտնել է, որ «ցրում» է 41 հոգանոց դեպարտամենտը` միաժամանակ նշելով, որ, եթե թափուր հաստիքներ ունենան, աշխատակիցներին կհրավիրեն հետագայում: Ռ. Ասկարյանն անթույլատրելի է համարում 25-30 տարվա աշխատանքային փորձ ունեցող որակյալ մասնագետների հանդեպ նման վերաբերմունքը: Նրա խոսքով՝ այդ աշխատակիցներն ամսական 700 մլն-ից 1 մլրդ դրամ գումարներ են հավաքում, և նրանցից աշխատանք «խլելը» նշանակում է, որ «դրա տակ շան գլուխ կա թաղված»:
Ռ. Ասկարյանը պատմեց, որ երեկ աշխատակիցները հավաքվել ու գնացել են Ե. Բիբինին հանդիպելու, բայց պարզվել է, որ նա մեկնել է Մոսկվա՝ տնօրենների խորհրդին մասնակցելու համար: Մեր զրուցակիցը նշեց, որ թեև արդեն աշխատակիցների ազատման թերթիկները նախապատրաստել են, բայց տնօրենների խորհրդում հարցը դեռ չի քննարկվել, որոշում չկա: Աշխատակիցների ընդվզումից հետո Բիբինն ինքն է զանգահարել Ասկարյանին և, ըստ վերջինիս, նրան ու ևս 15 աշխատակցի առաջարկել է նոր աշխատանք, որպեսզի հանդարտեցնեն մարդկանց:
«Ես հրաժարվեցի, ես դավաճան չեմ, որ համաձայնեմ նման գործարքի»,- ասաց Ասկարյանը:
Աշխատակիցների հետ փորձել է բանակցել գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բելաևը, բայց մարդիկ բոյկոտել են նրան՝ ռուսերեն խոսելու պատճառով, ու պահանջել, որ կամ հայերեն խոսի, կամ թարգմանիչ հրավիրեն:
Ասկարյանը հայտնեց, որ այսօր Ե.Բիբինը վերադառնում է Մոսկվայից. «Ասել է՝ գամ, կքննարկենք: Ի՞նչը քննարկենք: Մեզ ցրելով` ուզում է Երևանի մյուս 3 մասնաճյուղերի հաշվետվությունների մեջ ներառի այս վարչության ցուցանիշները, ինչի արդյունքում նրանց կորուստների թվերը կիջնեն, ու Մոսկվայում ցույց կտա, թե ինքն ինչ լավ է ղեկավարում:
Այսինքն, 40 հոգու ջնջելով, իր հարցերն է ուզում լուծի: Նոր տնօրինություն է ուզում ստեղծել` նոր բաժանորդների սպասարկման համար: Պետք է մեզ կրճատեն, այդ փողերով ստեղծեն: Իսկ գիտե՞ք, թե ինչի հետևանք էր վերջերս տեղի ունեցած խոշոր վթարը: Այդ վթարը կապ ունի իր վատ աշխատանքի հետ, որովհետև ՀՀ-ում մի ռուբլի փող չեն ներդնում, ոչինչ չեն ստուգում: Մեզ մոտ ամեն ինչ շատ գաղտնի է, ոնց որ ԱԱԾ լինի, չեկիստների է նման: Իրենք թաքուն որոշում են ու մարդկանց անակնկալ են անում: Մեր արյունը 3 տարի ծծել է, ո՞վ պիտի գա, որ այս կազմակերպությունը խելքի բերի: 3 տարի առաջ միլիոնների շահույթով աշխատող կազմակերպություն էր, հիմա միլիոնների վնասով աշխատող կազմակերպություն է»:
Ասկարյանի կարծիքով՝ կրճատման ենթակա է ՀԷՑ-ի 5 հարկանի գլխավոր շենքի աշխատակիցների 70%-ը, ովքեր մեծ մասամբ անգործ նստած են: Ընդ որում, նկատեց Ասկերյանը, եթե շարքային աշխատողի աշխատավարձը Երևանում 150 հազար դրամ է, մարզերում՝ 60 հազար դրամ, ապա ընկերության տնօրինության աշխատավարձը չափվում է միլիոններով, չհաշված 40-50 միլիոնանոց պարգևատրումները:
ՀԷՑ-ի լրատվական բաժնի ղեկավար Նատալյա Սարաջանյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ աշխատակիցների ազատման մասին որոշում դեռ չկա, և «շատ-շատ վաղ» է խոսել այդ մասին, ներկայումս ընդամենը քննարկումների փուլ է, և խոսքը ոչ թե ազատման, այլ ընկերության վերակազմավորման մասին է. «Նրանք աշխատանքից դուրս չեն մնա, քննարկվում է, որ բոլորին կարողանան այլ տեղերում աշխատանքի տեղավորել»:
Սարաջանյանը նաև հայտնեց, որ այդ հարցը դեռ միայն Երևանում է քննարկվում, բայց ցանկացած այդ կարգի որոշում պետք է Մոսկվայում հաստատվի:
«2-3 շաբաթվա ընթացքում, հավանաբար, կհստակեցվի իրավիճակը»,- նշեց նա: