Ծեծել է «Շտապօգնության» բժշկին
news.am-ի փոխանցմամբ` «Շտապօգնության» բժշկի վրա ոտնձգության երկրորդ դեպքն է արձանագրվել այսօր՝ նոյեմբերի 21-ին: Կայքի տեղեկություններով ՝ դեպքը եղել է Դավիթաշեն գյուղի 5-րդ փողոցում: Տներից մեկից Ծառուկյան Վարդան անունով բնակիչը կանչ է տվել թոքային այտուց ունեցող մոր համար, եւ «Շտապօգնությունը» 6 րոպե անց եղել է հիվանդի տանը, բժիշկը անմիջապես սկսել է ռեանիմացիոն միջոցառումները, սակայն հիվանդը մահացել է: Դրանից հետո հիվանդի որդին՝ Վարդան Ծառուկյանը, հարձակվել է բժշկի վրա, հարվածել նրան, արդյունքում «Շտապօգնության» բժիշկը գլխուղեղի ցնցումով, աչքի բացվածքով, կողերի սալջարդով Հանրապետական հիվանդանոցում պառկած է:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սասունցի Դավիթ նրբանցքի տներից կանչ էին տվել իրենց խրոնիկ հիվանդի համար, որը բազմիցս օգտվել է «Շտապօգնության» ծառայությունից: Կանչը ստացել են 00.53-ին, քաղաքում ոչ մի տեղ մեքենա չեն ունեցել, «Նուբարաշենի» հենակետից մեքենան դուրս է եկել եւ մինչեւ հիվանդի տուն հասնելը տեւել է 17 րոպե:
«Կինը ուներ խրոնիկ սիրտ-թոքային անբավարարվածություն, մահացած է լինում, որդին մոտենում է, բժշկին բռնում, քաշ տալով տանում եւ գցում դիակի վրա ու սկսում ոտքով հարվածել, գլխին դանակ է քաշում, ահավոր պահվածք, մինչեւ բոլոր խառնվում են, բուժքույրը կանչում է վարորդին եւ այդպես բժիշկը ազատվում է»,- ասաց Թագոււհի Ստեփանյանը՝ նշելով, որ բժշկի խալաթը պատռված է, նա սալջարդներ ունի:
Թագուհի Ստեփանյանը խստագույնս դատապարտեց բժիշկների նկատմամբ կատարվող ոտնձգությունները: Սա, ըստ նրա, լկտիության եւ անդաստիարակության արդյունք է, եւ հասարակությունը պետք է հասկանա, որ բժիշկները հարգանքի են արժանի, քանի որ հենց նրանք են հասնում օգնության:
Մանրամասները այստեղ`