Չափման միջոցները կճանաչվեն ազգային չափանմուշ
ՀՀ կառավարությունը սահմանել է չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչելու կարգը, որը հնարավորություն կտա Չափումների միասնականության ապահովման համակարգում հաշվի առնել Եվրամիության միջազգային փորձը և ներդնել չափման միջոցները ազգային չափանմուշ ճանաչելու մեթոդները:
ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ գործադիրն այսօրվա նիստում հաստատել է «Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը», որի իրականացմամբ ակնկալվում է ապահովել նշված ոլորտի կայուն զարգացումը:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում դեռևս չեն ստեղծվել ոլորտի զարգացմանը նպաստող հյուրանոցային ռեսուրսներ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է այդ բիզնեսի խթանման միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Նիստում հաստատվել է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն կենդանիները, կենդանական ծագում ունեցող մթերքը, հումքը, կերը, լրացակերը ՀՀ տարածքում կփոխադրվեն սահմանված նոր ձևաթղթերի հիման վրա: Ուղեկցող փաստաթղթում կնշվեն հայտնաբերված հիվանդությունը և կատարված բուժումը: Հաջորդ որոշմամբ կանոնակարգվել են սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման ընթացակարգը և դրա իրականացման պայմանները: