Սերժ Սարգսյանը ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սկապինիին՝ պաշտոնավարման տարիներին կատարած նշանակալի աշխատանքի համար՝ ուղղված երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանը: Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է հայ-իտալական քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, որոնք արտահայտված են նաև ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշներում: Ռազմական, կրթամշակութային, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում ևս, ըստ Նախագահի, արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն է ձևավորվել երկու երկրների միջև: Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանը և Իտալիան ունեն նաև միջխորհրդարանական սերտ շփումներ, հաջողությամբ է զարգանում ապակենտրոնացված համագործակցությունը: Այս ամենում, Նախագահի համոզմամբ, մեծ է դեսպան Սկապինիի անձնական ներդրումը:
Դեսպան Բրունո Սկապինին իր համար՝ իբրև դիվանագետի, մեծ պատիվ համարելով Հայաստանում պաշտոնավարելը, ընդգծել է, որ անցած տարիներին Հայաստանը հայտնաբերել է նոր լույսի ներքո և տեղում անմիջականորեն զգացել, թե որքան մոտ են միմյանց համանման խառնվածք և հույզեր ունեցող հայերն ու իտալացիները, և որքան ընդհանրություններ ունեն Հայաստանն ու Իտալիան՝ պատմամշակութայինից սկսած մինչև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ մոտեցումներն ու աշխարհայացքը:
Հրաժեշտից առաջ դեսպան Բրունո Սկապինին ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է այդ հիասքանչ երկիրն իր մտքում և սրտում մշտապես պահելու հաստատ վճռով և համարում է, որ չնայած ավարտվել է իր դիվանագիտական առաքելությունը, սակայն այդպիսով ամենևին չի ավարտվել Հայաստանին ու հայ ժողովրդին, հնարավորության սահմաններում, մշտապես օգտակար լինելու իր անձնական առաքելությունը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ