Գառնիկ Մարգարյանը կասի՝ ովքեր են «իշխանական կառմուշկայից» օգտվող ընդդիմադիրները

«Իշխանական օթյակներում ավելի հետաքրքիր բաներ կան, որտեղ գնում է կոռուպցիան, երկրի թալանը, մարդասպանների պաշտպանությունը»,- հեգնեց «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ անդրադառնալով իր ասուլիսին փոքրաթիվ լրագրողների ներկայությանը:

Նա ասաց, որ իրենք հեղափոխության հույսը կապում են ազատամարտիկների հետ. «Ազատամարտիկները, որոնք իրենց կյանքը, առողջությունը տվել են հայրենի հողին, ազատագրել են Հայաստան երկրի մի մասը և նրանց ողջ մնացած ընկերները՝ տեսնելով, որ երկրի անվտանգությունը մեծ վտանգի տակ է, ոտքի կանգնեցին ի տարբերություն կուսակցությունների և հայտարարեցին, որ գնալու են իշխանափոխության: Հիմա մեր գերնպատակն է գնալ իշխանափոխության ու ազատվել այս հանցավոր ռեժիմից:

Այս երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ ու մենք տեսել ենք, որ ազատամարտիկների՝ այդ տղաների մոտ, կա ճշգրիտ խոսք, վճռականություն ու հանդգնություն, որը բացակայում է կուսակցությունների մոտ: Սա է եղել պատճառը, որ ողջունում ենք իրենց քայլը, միանում ենք իրենց»:

Հարցին, թե ո՞ր կուսակցությունների մասին է խոսքը, ովքե՞ր ի տարբերություն ազատամարտիկների չկանգնեցին հասարակության կողքին, չդրսևորցին հանդգնություն, Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. «Այն քաղաքական ուժերը, ովքեր իշխանության հետ մերձեցյալ են, ովքեր օգտվում են իշխանական կառմուշկայից: Երկար ժամանակ փորձեր էր անում միանալ ՕԵԿ-ը, և մեր դժբախտությունը նրանում է, որ պատմությունը շուտ ենք մոռանում՝ մոռանում ենք, որ 2004թ. ապրիլի 13-ի գիշերը, երբ այդ կուսակցության ղեկավարը, ով ԱԺ նախագահ էր, իր տարածքում՝ ԱԺ տարածքում, տեղավորեց մահակավորների, որոնք հետո ջարդեցին ժողովրդին: Նա դեռ պատասպան չի տվել՝ ինչպե՞ս կարող  է մասնակցել այս գործընթացին: Նույն Արտաշես Գեղամյանը՝ որտե՞ղ է: 2002թ. մենք ստեղծեցինք սոցիալիստական ուժերի բլոկ՝ տասներկու կուսակցություններով, ու որոշեցինք պաշտպանել Գեղամյանի թեկնածությունը՝ ինչպե՞ս վաճառվեց, որտե՞ղ է նա՝ տեսաք: Ձևավորվել է սև ու սպիտակ դաշտ, ինչը լավ է, ամեն ինչ հիմա երևում է: Սա արդար գործ է, պատերազմի գործ է և, նրանք, ովքեր պաշտոններ են զբաղեցում չեն կարող մասնակցել այս արդար գործին: Կռիվ ենք տալիս ներքին հակառակորդի, ներքին թշնամու հետ»:

Խոսելով ազատամարտիկների կազմակերպած քննարկումների մասին, ըստ որի՝ տասը կուսակցությունների կողմից իշխանափոխության պահանջին չի մասնակցել ՀՅԴ-ն, Գ. Մարգարյանն ասաց. «ՀՅԴ-ն դեռ պետք է գնա ինքնամաքրման, հետո մասնակցի երկրի ազատազրկման գործողություններին. ղեկավարությունը նկատի ունեմ, ոչ թե կուսակցությունը, կուսակցությունը մեծ արժեք է»:

168.am-ի հարցին՝ այսօրվա ընդդիմության մեջ կա՞ն «իշխանական կառմուշկայից» օգտվողներ, Գ. Մարգարյանը նախընտրեց չպատասխանել՝ նշելով, որ այդ մասին կխոսի մի քանի ամիս հետո, որտեղ կներկայացնի նաև կոնկրետ փաստեր:

 

Տեսանյութեր

Լրահոս