Պուտինը չի բացառում ապագայում Եվրասիական միության խորհրդարանական մարմնի ստեղծումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում ապագայում Եվրասիական միության խորհրդարանական մարմնի ստեղծումը, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ռուսաստանյան արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ չորեքշաբթի ունեցած հանդիպման ժամանակ նման միջպետական խորհրդարանական մարմնի ստեղծման առաջարկով Վլադիմիր Պուտինին է դիմել «Հանուն արդարության թոշակառուների ռուսաստանյան կուսակցության» նախագահ Իգոր Զոտովը:
Զոտովը նշել է, որ Հայաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի որոշ կուսակցությունների հետ արդեն բանակցություններ է վարել, եւ նրանք պատրաստ են համապատասխան փաստաթուղթ ստորագրել:
Իր հերթին Պուտինը հայտարարել է, թե նման առաջարկը ճիշտ է համարում, սակայն նշել է, որ այն անհրաժեշտ է քննարկել 2015թ. ստեղծվելիք Եվրասիական միության գործընկերների հետ: «Մենք նույնպես աջակցում ենք Եվրասիական միության խորհրդարանական մարմնի ստեղծման գաղափարը, սակայն դրա մասին պետք է պայմանավորվել մեր գործընկերների հետ, իսկ այնտեղ ամեն ինչ միանշանակ չէ: Տեսակետ կա, որ մենք դեռեւս դրա համար բավականաչափ չենք հասունացել, եւ այդ մարմինը կարող է մեռելածին լինել», -ասել է Պուտինը: