Մեղադրյալն ուզում է ցուցմունք տալ, քննիչը «դիմադրում է»
Քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրյալներից մեկի՝ Մարտին Ծերունյանի կալանավորման և երեք անգամ կալանավորման ժամկետները երկարացնելու դատարանի որոշումներն անհիմն են, հիմնավորված չէ անգամ հիմնավոր կասկածը:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է մեղադրյալի պաշտպան, փաստաբան Սամվել Ջաղինյանը: Ըստ պաշտպանի` իր պաշտպանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով մայիսի 14-ին առաջադրված մեղադրանքն անհիմն է ու անհասկանալի, բոլոր փորձերը` նախաքննական մարմնից մեղադրանքի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ, մատնվել են անհաջողության, պարզաբանումներ չեն տրվել: Մասնավորապես, պարզաբանման ենթակա է մեղադրանքի գլխավոր միտքը. «մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, ուղղակի դիտավորությամբ կատարել է ապօրինաբար Ռաֆիկ Մադոյանին դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ»: «Կանգնել ենք փակուղու առաջ, չենք կարողանում առաջ գնալ, վեց ամիս հետո հասկացանք, որ լղոզված մեղադրանք է, 6 մեղադրյալներից Մարտինն ընդամենը մեկին է ճանաչում. եթե ոչ ոքի չի ճանանաչում, չի կարող համաձայնության գալ, չէ՞»,- իր հերթին հարց ուղղեց Սամվել Ջաղինյանը:
Մ. Ծերունյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ հիշատակված գլխավոր մտքից հետո «որպիսիք արտահայտվել են հետևյալում» բառերից հետո հետևում է «մի խումբ անձանց » վերագրվող կամ մեղսագրվող գործողությունների նկարագրություն: Ի դեպ, «մի խումբ անձանցից» մեղադրյալը ճանաչում է միայն Դավիթ Զիրոյանին:
Մարտին Ծերունյանին առնչվում են միայն հետևյալ տողերը՝ «հանցավոր մտադրությունն իրագործելուն ուղղված դիտավորյալ գործողություններն ավարտին հասցնելու նպատակով Դավիթ Զիրոյանը 2013թ. մայիսի սկզբներին դիմել է Մարտին Ծերունյանին: Վերջինս, խոստանալով գտնել սպանության կատարողի, երկու օր անց հանդիպել է քննությամբ դեռևս չպարզված անձի, ինչից հետո տալով նախնական դրական պատասխան՝ որպես խոստացված գումարի վճարման երաշխիք, պահանջել է Դավիթ Զիրոյանին մինչև հանցագործության ավարտը մնալ Հայաստանում»:
Այս հատվածից էլ երևում է, որ «մի խումբ անձանց» մեջ են մտնում Դավիթ Զիրոյանը և «քննությամբ դեռևս չպարզված անձը», իսկ գործողությունը, որի մեջ մեղադրում են Մարտին Ծերունյանին, ըստ նրա պաշտպանի, խոստում տալն է: Սամվել Ջաղինյանը վստահ է, որ նախաքննական մարմինը չունի նաև խոստում տալու ապացույցը:
«Խնդիրն այն է, որ Դավիթ Զիրոյանը հեռախոսով խոսում է Հովհաննես Ղամարյանի հետ այստեղից Իսպանիա, ասում՝ Մարտինն ինձ խոսք ա տվել: Ընդամենը միայն այդ հեռախոսային խոսակցության ձայնագրությունն է, Դավիթը Զիրոյանը ցուցմունք չի տալիս: Դավիթը կարող էր սուտ ասել, ենթադրում եմ, սուտ է խոսել, գլուխ գովեր: Մենք ո՞նց երկու այլ անձանց հեռախոսային խոսակցության բովանդակությունը հերքենք, երբ որ ասում ենք՝ խոսք չենք տվել, տեղյակ չենք»,- ասել է պաշտպանը:
Ս.Ջաղինյանը նշել է, որ Մ.Ծերունյանն արդեն 7-րդ ամիսն է, ինչ կալանքի տակ է, և առաջին օրվանից մեղադրյալը պատրաստակամություն է հայտնում ցուցմունք տալ, քննիչն ասում է. «Ես ինքս եմ որոշելու, թե երբ Ձեզ կհարցաքննեմ»: Քննիչի «պատշաճ ջանասիրությունը» դրսևորվել է ընդամենը երեք անգամ, երբ նա բերել է կալանքի, այն երկարացնելու որոշումները, մեկ անգամ էլ ծանոթացրել փորձաքննության եզրակացությանը, «ուրիշ որևէ գործողություն Մարտին Ծերունյանի հետ չի կատարվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: