Շանթը դասական քաղբանտարկյալ է

Արդեն երկու շաբաթ Շանթ Հարությունյանը և նրա կողմնակիցները կալանավորված են, նրանց ներկայացված է մեղադրանք, և չի բացառվում, որ նրանք դատապարտվեն ամենախիստ պատժաչափերով: «Անոնիմուսների» երթեր անցկացվել են աշխարհի տարբեր երկրներում. եղել են և՛ բախումներ Ոստիկանության հետ, և՛ հրդեհումներ, և՛ գույքի փչացում: Սակայն որևէ տեղ այդ երթերի մասնակիցների նկատմամբ նման խիստ վերաբերմունք չի դրսևորվում: Ավելին՝ Հայաստանի իրավապահ համակարգը Շանթ Հարությունյանին փորձում է ներկայացնել՝ որպես հոգեկան հիվանդ, և ուղարկել հոգեբուժարան: Իրավապաշտպան, «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի հետ փորձեցինք քննարկել ստեղծված իրավիճակը և իրավապաշտպան կառույցների հնարավոր գործողությունները՝ ուղղված Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների իրավունքների պաշտպանությանը:

– Ինչո՞ւ է իշխանությունը որոշել տարբերակում դնել Շանթ Հարությունյանի և  իշխանության դեմ մյուս պայքարողների միջև, ինչո՞ւ նրան չեն ուզում մյուսների նման քրեական հանցագործ ներկայացնել և ուղարկել բանտ, այլ որոշել են ներկայացնել՝ որպես հոգեկան հիվանդ:

– Շանթ Հարությունյանն, ի տարբերություն մեզ բոլորիս, չի հարմարվում ստեղծված իրականությանը: Եթե շատ քաղաքական ու հասարակական ուժեր դարձել են կոնֆորմիստներ, ապա Շանթը ցույց տվեց, որ ինքը կոնֆորմիստ չէ և չի կարող համակերպվել ստեղծված իրավիճակին: Նրա արածը բացարձակ քաղաքական քայլ էր, և ես կարող եմ ասել, որ նա դասական քաղբանտարկյալ է: Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ՝ դասական քաղբանտարկյալ ասելով: Հայաստանում 1995թ. սկսած շատ քաղբանտարկյալներ են եղել. դրանք այն քաղաքական ուժերի հետևորդներն են, որոնք պայքարել են իշխանափոխության համար և հայտնվել են բանտերում: Ի տարբերություն նրանց, Շանթ Հարությունյանի պայքարն իշխանության համար չէր, նա պայքարում էր հանուն գաղափարի:

Նա մի քանի հստակ հայտարարություններ է արել, որոնք ես ուզում եմ հիշեցնել. ես չեմ ուզում ինձ Կիևյան կամուրջից ցած նետել, ես չեմ ուզում Հայաստանից հեռանալ, ես չեմ ուզում հարմարվել Հայաստանում ստեղծված իրականության հետ: Նա չընտրեց այս երեք տարբերակներից և ոչ մեկը և հստակ ասաց՝ ես գնում եմ պայքարի, և հնարավոր է, որ ինձ խփեն:

– Իշխանությունն ասում է, որ դա խաղաղ երթ չէր, քանի որ ցուցարարներն ունեին բենզինի շշեր, մահակներ և պայթուցիկներ: Այսինքն՝ փորձ է արվում ցույց տալ, որ իրենք կանխել են բռնությունը:

– Բենզինի շշերի մասին հայտարարությունները հռետորական էին. որևէ մեկը չի տեսել և չի առգրավել բենզինի շշեր: Բահի պոչերը վաճառվում են խանութներում, և դրանք կրելը հակաիրավական չէ, և կարելի է ասել, որ ցուցարարները դրանք վերցրել էին ինքնապաշտպանության համար: Այդ փայտերը գործի դրվեցին միայն այն ժամանակ, երբ Ոստիկանությունը խոչընդոտեց երթի անցկացումը, և լարվածություն ստեղծվեց:

Ի՞նչ էր լինելու, եթե նրանց հնարավորություն տրվեր երթ անելու, ի՞նչ է՝ այդ բահի պոչերով պետք է զինված հեղափոխությո՞ւն անեին, իշխանությո՞ւն տապալեին: Ինչ վերաբերում է պայթուցիկներին. դրանք որևէ մեկին վնաս չեն տվել, քանի որ միայն արտաքին էֆեկտ կարող են առաջացնել:

– Նախագահական նստավայրն այրելու, բենզինի շշեր շպրտելու սպառնալիքը և՞ս հռետորական եք համարում:

– Այո. Շանթն  ահաբեկիչ չէ, քանի որ որևէ ահաբեկիչ նախօրոք չի հայտարարում, որ ինքը պետք է այսինչ մարդուն սպանի կամ այսինչ շենքը պայթեցնի, այլ դա անում է գաղտնի: Բացի այդ, բոլորի համար էլ պարզ է, որ բենզինի շշերի միջոցով հնարավոր չէ նախագահական նստավայրն այրել, մանավանդ, որ այդ շշերը չեն եղել: Էլի եմ կրկնում, այդ կոչերը եղել են՝ որպես պայքարի վճռականությունը հաստատող հռետորաբանության մի մաս:

– Աշխարհի բազմաթիվ երկրներում նոյեմբերի 5-ին տեղի են ունենում «Անոնիմուսների երթեր», որոնց մասնակիցները հրդեհում են մեքենաներ, խանութներ, ընդհարվում են Ոստիկանության հետ, լինում են ձերբակալություններ: Ի՞նչ ճակատագիր է նրանց սպառնում ձերբակալությունից հետո:

– Լինում են դեպքեր, երբ ցուցարարների նկատմամբ  բիրտ ուժ է կիրառվում, նրանց տանում են Ոստիկանություն, բայց եթե ցուցարարները լուրջ քրեական հանցագործություններ չեն կատարել, նրանց Ոստիկանությունից էլ ազատ են արձակում: Համենայն դեպս, դատեր չեն լինում, նրանց մի քանի ժամ պահելուց և հանդարտեցնելուց հետո ազատ են արձակում:

– Իսկ ինչո՞ւ է Հայաստանի իրավապահ համակարգը որոշել գնալ մինչև վերջ, մինչև ազատազրկում:

– Կան օրենքի տառ և օրենքի ոգի հասկացությունները: Եվրոպական երկրներում կիրառվում է օրենքի ոգին. եթե մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել և լուրջ քրեական հանցագործություն չեն կատարել, նրանց չեն ազատազրկում իրենց բողոքն արտահայտելու համար, եթե անգամ այդ բողոքն արտահայտվել է ոչ այնքան ընդունելի տարբերակով: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանն իրավական պետություն չէ, և բոլորի նկատմամբ չէ, որ իրավապահներն առաջնորդվում են օրենքի տառով: Հայաստանում մարդը պաշտպանված է ոչ թե օրենքով, այլ իր ֆինանսական միջոցներով և պաշտոնական դիրքով: Քանի որ Շանթը չուներ ո՛չ փող, ո՛չ իշխանություն, նրան դատում են օրենքի տառով: Այլապես բոլորի համար էլ պարզ է, որ նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակի մոտ օրենքի ոչ մի խախտում էլ չի եղել:

– Հայաստանի իշխանությունը Շանթի մեջ վտանգ տեսել է, մտահոգվել է, որ նրա գործողությունները կարող են իրենցից  վտանգ ներկայացնել:

– Չեմ կարծում, թե անձամբ Շանթից վախեցել են: Գուցե իշխանությունը վախեցել է, որ նրա օրինակը կարող է վարակիչ լինել շատերի համար: Գուցե նրան պատժելով՝ ցույց են տալիս, որ կարող է պատժվել ցանկացած բողոքավոր:

– Բայց ինչո՞ւ են որոշել այս կերպ պատժել. ներկայացնել՝ որպես հոգեկան հիվանդ: Շանթին ճանաչողները կարող են փաստել, որ նա երբեք հոգեկան խնդիրներով չի տառապել:

– Նախ՝ իշխանության համար անհասկանալի է բողոքի այս դրսևորումը, քանի որ իշխանությունը սովոր է եղել, որ բողոքեն «սահմանադրության շրջանակներում»: Իշխանությունը մտածում է, որ հոգեպես առողջ մարդը չի կարող իր բողոքն այդպես արտահայտել: Ի դեպ, այդպես են մտածում նաև ընդդիմադիրները, ովքեր սիրում են պայքարել «սահմանադրության շրջանակներում»: Մյուս կողմից էլ՝ իշխանությունն ուզում է վարկաբեկել Շանթին և ասել, որ՝ տեսեք, նա հոգեկան հիվանդ է: Այսինքն՝ ասել հասարակությանը, որ այս իրականության հետ չհարմարվողը, չհամակերպվողը, իրականության դեմ բողոքողը հոգեկան հիվանդ է:

– «Հելսինկյան կոմիտեն» պատրաստվո՞ւմ է Շանթ Հարությունյանի իրավունքները պաշտպանելուն ուղղված քայլեր ձեռնարկել:

– Իհարկե, որովհետև, ինչպես նշեցի, Շանթն այն հազվագյուտ դեպքն է, որ քաղբանտարկյալ է դարձել ոչ թե իշխանության համար պայքարելու, այլ չհարմարվելու, հանուն իր գաղափարների կռիվ տալու համար: Հենց այդ առումով, նորանկախ պատմության մեջ Շանթին կարելի է համարել ամենադասական քաղբանտարկյալը: Նրա նկատմամբ պետք է իրականացվի ոչ միայն իրավական, այլև քաղաքական պաշտպանություն: Ոչ թե այն իմաստով, որ այսինչ մարդը մեր կուսակցությունից է , նրան պետք է պաշտպանենք: Այլ այնպիսի պաշտպանություն, ինչպես ժամանակին եղել է Հնդկաստանում Գանդիի նկատմամբ, երբ նրա ազատության համար պայքարում էր ամբողջ հասարակությունը: Հիշո՞ւմ եք «Զգուշացիր ավտոմեքենայից» կինոնկարը, որտեղ Դետոչկինը ֆորմալ առումով մեղավոր էր, բայց նաև անմեղ էր, քանի որ պայքարում էր՝ հանուն հասարակության: Թող ինձ Շանթը ների այս համեմատության համար, բայց ֆորմալ իմաստով նա գուցե մեղավոր է, բայց նա պայքարել է բոլորիս փոխարեն, ու հիմա բոլորը պետք է պայքարեն նրա ազատության համար:

– Ինչո՞ւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն աղմուկ չեն բարձրացնում, հանդես չեն գալիս իշխանությունների գործողությունները դատապարտող հայտարարություններով:

– Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ պետք է աշխատել, պետք է նրանց բացատրել իրավիճակը, և մենք պատրաստվում ենք կատարել այդ աշխատանքը:

Տեսանյութեր

Լրահոս