ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ նախնական զեկույցը առաջարկում է քայլեր` Հայաստանում օրինաստեղծ գործընթացի հետագա ներդաշնակեցման համար
Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից պատրաստված նախնական գնահատականը, որ հանրությանը ներկայացվեց 2013թ. նոյեմբերի 18-ին Երևանում, առաջարկում է ուղիներ՝ Հայաստանում օրինաստեղծ գործընթացների հետագա ներդաշնակեցման համար:
Նախնական գնահատականը, որը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առաջարկով, առանձնացնում է օրենսդրական գործընթացները կարգավորող իրավական դաշտում հնարավոր բացերի վեց հիմնական ոլորտներ և առաջարկում է մի շարք միջոցառումներ, որոնք կարող են բարելավել ընթացակարգերը, ինչպիսիք են՝ օրենքների նախագծերի վերանայման համար ժամկետների առավել ճկունությունը, օրենքի մշակման գործընթացում քաղաքացիական հասարակությանը ներգրավելու ավելի մեծ ջանքերը:
«Այս նախնական վերլուծությունը առաջին քայլ է դեպի Հայաստանի օրինաստեղծ համակարգի համապարփակ գնահատումը», ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: «Հավատացած ենք, որ այն կարող է հանգեցնել կարևոր բարեփոխումների, որոնք կկատարելագործեն օրենսդրական կարգավորման արդյունավետությունը և օգտակարությունը»:
Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչները մասնակցեցին նախնական գնահատման շնորհանդեսին Երևանում, որտեղ քննարկեցին փաստաթղթում նախանշված օրենսդրական ընթացակարգերի բացերը և դրանց անդրադառնալու ուղիները:
«ԵԱՀԿ հանձնառությունների համաձայն թափանցիկ և համակողմանի օրինաստեղծ ընթացակարգը որակյալ օրենսդրության բանալին է», – ասաց ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Էլիս Թոմասը. «ԺՀՄԻԳ-ը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի իշխանություններին իրենց՝ օրինաստեղծ գործընթացների հզորացման ջանքերում և իրենց առաջարկության համաձայն՝ ներկայացնելով համապարփակ գնահատականը, որը նաև հաշվի կառնի գործնական կիրառումը՝ ապահովելու նաև այն, որ առաջարկությունների առանցքում լինեն բարեփոխումների գործնական և իրագործելի լուծումներ»:
Նախնական գնահատականը` այստեղ.
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ