Տուժողի իրավահաջորդը փոխվեց. Սամվել Շարբաթյանի իրավունքները դատարանում կներկայացնի հարազատ քույրը
(Սամվել Շարբաթյանի իրավունքները դատարանում կներկայացնի
հարազատ քույրը՝ Հասմիկ Մանուչարյանը)
Նոյեմբերի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դռնբաց դատավարությունը, որին արդեն ավանդաբար ներկա էին հարյուրից ավելի մարդ:
Գործով երեք ամբաստանյալներից Արտակ Վերանյանը մեղադրվում է ՀՀ քր. օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Արեն Վերանյանը և Սամվել Դիլոյանը՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջիններս, սակայն, չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Դատական նիստին չէին ներկայացել մեղադրանքը պաշտպանող` Լոռու մարզի դատախազության ավագ դատախազներ Աշոտ Գրիգորյանն ու Սոս Տոնոյանը, տուժողի իրավահաջորդ Սաթիկ Սարգսյանը, նրա ներկայացուցիչներ Արթուր Սաքունցն ու Մայիս Հովհաննիսյանը: Մեղադրանքը պաշտպանող 3-րդ դատախազը՝ Պետրոս Մարտիրոսյանը, գործընկերների չներկայանալը պատճառաբանեց Ա. Գրիգորյանի դեպքում՝ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելով (անցել է կենսաթոշակի), իսկ Ս. Տոնոյանի դեպքումª մեկ այլ գործով զբաղվածությամբ:
Սաթիկ Սարգսյանն իր չներկայանալը պատճառաբանել էր դատարանին ուղղված դիմումով, որտեղ խնդրում էր տուժողի իրավահաջորդի իր իրավունքները համարել դադարեցված, գործում որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներգրավել Ս. Շարբաթյանի հարազատ քրոջը՝ Հասմիկ Մանուչարյանին: Հ. Մանուչարյանը համաձայնեց հանդես գալ որպես տուժողի իրավահաջորդ: Դատավոր Նարինե Հովակիմյանը նրան պարզաբանեց իր իրավունքները, ապա վերջինս միջնորդեց իրեն մեկ շաբաթ ժամանակ տրամադել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:
Մեղադրող և պաշտպանական կողմերը չառարկեցին միջնորդությունը: Արեն Վերանյանի և Սամվել Դիլոյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նկատեց, սակայն, Հ. Մանուչարյանը որպես գործով անցնող վկա արդեն բավականաչափ ծանոթ է գործին և, հաշվի առնելով, որ իր պաշտպանյալներն արդեն տևական ժամանակ արգելանքի տակ են, միջնորդեց ավելի կարճ ժամանակ տրամադրել: Իսկ տուժողի նոր իրավահաջորդին հորդորեց, որ եթե վերջինս նոր ներկայացուցիչ է ունենալու՝ միանգամից ներգրավի գործում՝ մեկ անգամ էլ նիստը չհետաձգելու համար: «Երևի թե կգա, մենք էս մի շաբաթվա մեջ կկարգավորենք»,- ի պատասխան ասաց Հ. Մանուչարյանը:
Դատավոր Ն. Հովակիմյանը Հ. Մանուչարյանից հետաքրքրվեց մեկ շաբաթում կհասցնի ծանոթանալ 5 հատոր կազմող գործի նյութերին: «Կտեղավորվեմ»,- պատասխանեց Հ. Մանուչարյանը:
Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին:
Հովհաննես Սարդարյան