Պատվիրատու փնտրելու փոխարեն մի մսխեք բյուջեն

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն այսօր անդրադարձել է թերթի շուրջ տեղի ունեցած որոշ իրադարձությունների. «Վերջին մի քանի օրերի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր թեմաներով հայտնվեց սովորականից ավելի մեծ ուշադրության կենտրոնում, քանի որ մեր լրագրողների հեղինակած շատ նյութեր լրջորեն անհանգստացրին հոդվածների «հերոսներին»,- գրել է թերթի խմբագիրը` պատմելով հրապարակումների հետ կապված արձագանքների մասին:

«Իհարկե, սովորաբար ընդունված է ասել, որ սենսացիան լրագրության անբաժանելի մասն է, լրագրողների «հացը»: Ու բնական է, որ ցանկացած լրագրող ջանում է այնպիսի նյութեր հրապարակել, որոնց շուրջ աղմուկ բարձրանա, քննարկումներ ծավալվեն, և, ի վերջո, բարձրացված խնդիրներին լուծում տրվի: Սակայն այսօր Հայաստանում աղմուկ են բարձրացնում այն բնույթի նյութերը, որոնք առավել մակերեսային են: Օրինակ՝ հայաստանյան հասարակական, քաղաքական ու նաև լրատվական դաշտն այդքան բուռն չարձագանքեց «Ժողովուրդ» օրաթերթի այն հրապարակումներին, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ ամսվա ընթացքում չարտերային 2 թռիչքների համար պետբյուջեից 130 հազար ԱՄՆ դոլար գումար էր դուրս գրել, կամ որ «Շանհայ էքսպո 2010» ցուցահանդեսի համար շուրջ 2 մլն դոլար էր ծախսվել: Եվ, օրինակ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր որդուն պատկանող հյուրանոցային համալիրին ԱԺ բյուջեից մոտ 5 մլն դրամ գումար է հատկացրել պաշտոնական պատվիրակության անդամների գիշերակացի համար՝ վճարելով նաև հյուրերի չմնացած օրերի դիմաց:

Փոխարենը ՀՀ վարչապետն անհարկի աշխուժություն ցուցաբերեց և կառավարության անդամների ներկայությամբ մեր լրագրողներին «սպառնաց» դատի տալ, քանզի վիրավորվել էր, որ գրել էինք, թե ԱԺ-ում իր թիմակիցները լոբբինգ են արել, որ բյուջեին չքննադատեն կամ որ իրեն է պատկանում «Աէրո տաքսի»-ն: Սակայն մինչ օրս «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը 2 «անհերքելի» հերքման տեքստ է ստացել և վերջ: Թեև լավ կլիներ, որ ՀՀ կառավարությունը հրապարակավ բացատրեր, թե ինչու են նույնիսկ առաջին տպավորությամբ անարդյունավետ ծախսեր արվում պետբյուջեի հավին՝ հընթացս վարկանիշներ գնելով:

Օրեր անց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ն հրապարակավ սպառնաց դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին՝ ոչ օբյեկտիվ տեղեկություն հրապարակելու համար: Բանկն էլ վիրավորվել էր, որ գրել էինք, թե իրենց կողմից չվճարված աշխատավարձը պատճառ է դարձել, որ բանկի կառավարմանն անցած «Միկա ցեմենտ» գործարանի մոտ ինֆարկտից մարդ մահանա: Այս դեպքում էլ «Ժողովուրդ» օրաթերթը գործել էր բարեխիղճ, քանի որ մեր լուրի հավաստիությունը հաստատեց նաև մահացած Արմեն Ռաֆայելյանի կինը, ում ևս «ՎՏԲ» բանկն աշխատավարձի պարտք ունի:

Շաբաթն ամփոփվեց խորհրդարան մտնելու հավակնություն ունեցող մի մարդու «հայտնությամբ», որը հասցրեց մի լավ զվարճացնել հայ հասարակության զգալի հատվածին: Խոսքը Հեղինե Բիշարյանի քրոջ փեսայի՝ Լևոն Դոխոլյանի մասին է, որին իր հարևանները ճանաչում են «Քույրիկ Լևոն» ածականով: Այս լուրն այնքան էր նյարդայնացրել ՕԵԿ փոխնախագահ Հ. Բիշարյանին, որ նա առավոտյան խմբակցության երկու ժամանոց նիստ էր հրավիրել՝ ՕԵԿ պատգամավորներից բացատրություն պահանջելու, թե ինչպես է «Ժողովուրդ» օրաթերթն իմացել իր փեսայի մասին լուրը: Իսկ կեսօրին էլ ՕԵԿ-ի «էգ առյուծն» իր բարկությունը թափեց լրագրողների վրա՝ հարձակվելով «առանց զգուշացնելու»: Իհարկե, տհաճ է, երբ որևէ մեկին ածականով են ճանաչում, սակայն ՀՀ իշխանության բուրգի ամենավերևում կանգնածներն ունեն իրենց մականունները, որոնք ժառանգել են փողոցից: Ո՞րն է լրագրողների մեղքը, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը, Աշոտ Աղաբաբյանը ու էլի շատերը հայտնի մականուններ ունեն: Եվ այս ֆոնին «Քույրիկ Լևոնը» ամենավատ մականունը չէ (J): Սա՝ իմիջիայլոց:

Ինչո՞ւ եմ կարևորում այս թեման: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի գործունեությունից տարբեր առիթներով նեղսրտած պաշտոնյաներն ու ձեռնարկությունները մեղքն իրենց մեջ փնտրելու փոխարեն փորձում են մրոտել մամուլը՝ բամբասելով, թե պատվերներ են թաքնված հրապարակումների հետևում: Ու քանի որ իշխանական վերնախավում իրար մեղմ ասած, ատում են, նրանցից յուրաքաչյուրի հասցեին մամուլում հնչած քննադատությունը դիտվում է որպես պատվեր՝ «հակառակորդ» ճամբարից: Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ իշխանական «ժամանակակից» շատ գործիչներ ունեն իրենց անձնական օգտագործման լրատվամիջոցները (հիմնականում էլեկտրոնային կայքեր), որոնց միջոցով «ոչնչացնում են» միմյանց՝ իրենց արշինով չափելով նաև պրոֆեսիոնալ լրագրողներին: Բացի այդ, «պատվերացավ» հրվանդությունն Հայաստանում «զարգացավ» մի քանի չկայացած խոսնակների շնորհիվ, որոնք իրենց ղեկավարների մոտ աշխատանքի ընդունվելիս «ոսկե սարեր» են խոստանում, թե «Ձեր մասին այլևս ոչ ոք ոչինչ չի գրի», ու երբ տգիտության իրենց բազայով բախվում են իրականությանը, ղեկավարներին սկսում են համոզել, թե «Ձեր դեմ պատվերով են գրել»: Սխալը ձե՛ր մեջ փնտրեք և այնպե՛ս աշխատեք, որ չարժանանաք մամուլի քննադատությանը»:

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս