«Հազիվ մի անգամ բախտներս բերեց, ի՞նչ եք ուզում». Գալուստ Սահակյան

«Մաքսային միությունը մեր երազանքների, ցանկությունների մարմինը չէ»,-այսօր լրագրողների հետ խոստովանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, թե  Հայաստանին որևէ մեկը ոչ Մաքսային միություն է հրավիրել, ոչ էլ Եվրոպա, և Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու որոշում է կայացրել՝ տեսնելով իր շահաբաժինը: «Մենք շահ ենք տեսնում, ու ուզում ենք հասկանալ ինչպիսին է լինելու մեր շահը: Մեզ հավատացնում են, որ մեզ ձեռք է տալիս Մաքսային միությունը: Մենք ուրախացած երազներ տվող չենք հասարակությանը: Եթե շահ չլիներ, մենք չէինք գնա»,- վստահեցրեց նա՝ ավելացնլով, թե տնտեսական շահ ունի Հայաստանը և ոչ թե ՄՄ անդամ պետությունները Հայաստանից: Դիտարկմանը, թե հենց այդ պատճառով է, որ Բելառուսն ու Ղազախստանը դեմ են Հայաստանի անդամակցությանը, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Մեր հորեղբոր տղերքը չեն, չէ՞… Կարող են Ադրբեջանին շատ սիրել, մեզ՝ քիչ, ուզում են՝ որևէ մեկի հետ իրենց հարաբերությունները լավ լինեն, իրենք հայտարարում են, մենք էլ հակառակն ենք հայտարարում, ի՞նչ է եղել որ»: Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը Եվրասիական միության հիմնադիրներից մեկն է լինելու, ինչպես հայտարարել են ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները, ապա Գ. Սահակյանն ասաց. «Հազիվ մի անգամ բախտներս բերեց, ի՞նչ եք ուզում…»: Հարցին, թե փաստորեն այս անգամ հաղթանակը բարոյական չէ՞, նա ասաց. «Մենք Վարդան Մամիկոնյանը չենք, մենք բարոյական հաղթանակների հետևից գնացող չենք»: Գ. Սահակյանը նաև շահեկան համարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելելու է Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս