Բաժիններ՝

Հոգեհանգստյան արարողություն՝ Դամասկոսում զոհվածների հոգիների հանգստության համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագի ավարտին նոյեմբերի 17-ին կատարվել է հոգեհանգստյան արարողություն` Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված հայ երեխաների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, մինչ հոգեհանգիստը հավուր պատշաճի խոսքով է հանդես եկել Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը, ով սրտի մեծ ցավով ու կսկիծով անդրադարձել է մեկ շաբաթ առաջ Դամասկոսի Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանում տեղի ունեցած ողբերգությանը:

Սրբազան Հայրը խստագույնս դատապարտել է նմանօրինակ անմարդկային գործողությունները` նշելով, որ երեխաների սպանությունը գերագույն ոճիրն է, քանի որ վերջիններս անկախ իրենց կրոնական պատկանելությունից, պիտի վայելեն ամենքի խնամքն ու պաշտպանությունը: Զոհվածների ծնողներին ու հարազատներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցությունները` Ոսկան Սրբազանը, հոգևորականաց դասին ու ներկա բոլոր հավատացյալներին հրավիրել է անմեղ զոհերի հոգիների հանգստության համար կատարվելիք միասնական աղոթքի:

Դամասկոսում նոյեմբերի 11-ի ժամը 13:30-ի սահմաններում չորս հրթիռ է ընկել Բաբ Շարկի թաղամասում գտնվող Ս. Սարգիս եկեղեցու կից Ս. Թարգմանչաց ճեմարանի մերձակայքում: Դեպքը տեղի է8 ունեցել աշակերտների դպրոցից դուրս գալու ժամանակ: Հրթիռներից երկուսն ընկել էին ճեմարանին պատկանող երկու ավտոբուսների վրա, մյուսը՝ դպրոցի դարպասի մոտ: Ավտոբուսներից մեկի մոտ ընկած հրթիռի բեկորներից զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 4 աշակերտներ, որոնցից մեկը վեցամյա Հովհաննես Աթոքանյանն է, երեքը արաբներ, իսկ մյուս զոհը ավտոբուսի վարորդն է: Մոտ տասը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց: Դժբախտ պատահարը ճեմարանի սաների մեջ ահ ու սարսափ է տարածել՝ միևնույն ժամանակ ցնցելով ողջ սիրահայությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս