Խորհրդակցություն մարզպետների հետ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց մարզերում առողջապահական հաստատությունների ֆինանսական վիճակին վերաբերող հարցեր:
Կարեւորելով նշված հաստատությունների կողմից ֆինանսական տարին առանց պարտքերի ավարտելու հանգամանքը` Դ. Դումանյանը մարզպետներին տեղեկացրեց նախարարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց համագործակցել Առողջապահության նախարարության հետ եւ համատեղ աշխատանքներ իրականացնել` մարզային բուժհաստատությունների արդյունավետ աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Ա. Գեւորգյանը միաժամանակ նշեց, որ բուժհաստատությունների ղեկավարները անձնական պատասխանատվություն պետք է կրեն հիմնարկների ֆինանսական կարգապահության համար: Այն հաստատություններում, որտեղ առկա են խնդիրներ, փոխվարչապետն առաջարկեց դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:
Քննարկվեցին նաեւ մարզերում «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագրի» շրջանակում առողջապահական հիմնարկների վերանորոգման եւ վերազինման արդյունքում դուրս գրված սարքավորումների հետագա օգտագործման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ սեղմ ժամկետներում մարզպետարանները մարզերում առկա սարքավորումների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնեն Առողջապահության նախարարությանը եւ համատեղ կքննարկեն դրանց հետագա օգտագործման հնարավորությունները:
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանի մասնակցությամբ քննարկվեցին հանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր: ԿԳ նախարարության կողմից մշակվել եւ մարզպետարաններին է ներկայացվել հանրակրթական հաստատություններում ուսումնաօժանդակ անձնակազմի տիպային հաստիքների ցանկը, որով էլ առաջիկայում պետք է առաջնորդվեն կրթական հաստաստությունները: Փոխնախարարը տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ պատրաստ կլինեն նաեւ համապատասխան մեթոդական ուղեցույցները: Ա. Գեւորգյանը մարզետներին առաջարկեց հաստիքացուցակների համապատասխանեցման հարցում սերտորեն աշխատել ԿԳ նախարարության հետ:
Քննարկվեցին նաեւ ոռոգման շրջանի ավարտի, ձեւավորված հասույթի դիմաց հավաքագրումներիհետ կապված հարցեր: Նշվեց, որ համակարգն այս տարի աշխատել է բավականին լարված: Սեւանա լճից նվազագույն ջրաքանակ վերցնելու պատճառով ոռոգման անխափանությունն ապահովելու համար գործի են դրվել պոմպակայանները` սպառելով մեծ ծավալի էլեկտրաէներգիա:
Համակարգի հետագա անխափան աշխատանքի ապահովման տեսակետից փոխվարչապետը կարեւորեց մատակարարված ջրի դիմաց ֆինանսական պարտավորությունների լիարժեք կատարումը` մարզպետներին հորդորելով այդ հարցում աջակցել ՋՕԸ-երին: Ջրտնտպետկոմի ներկայացուցիչներին նա միաժամանակ հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել էլեկտրաէներգիայի վարձավճարների մարման վերաբերյալ:
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց նաեւ ուշադրության կենտրոնում պահել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումների ընթացքը` ընդգծելով համայնքների կողմից ֆինանսական պարտավորություններն ամբողջապես կատարելու անհրաժեշտությունը:
Քննարկվեցին նաեւ դեկտեմբերի սկզբին կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին եւ համաժողովի շրջանակում անցկացվելիք ցուցահանդեսին վերաբերող կազմակերպչական հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին