Շքանշանների հանձնման արարողություն Մոսկվայի առաջնորդանիստ Ս. Պայծառակերպություն եկեղեցում (լուսանկարներ)

Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ, ուր նոյեմբերի 17-ին Մոսկվայի առաջնորդանիստ Ս. Պայծառակերպություն եկեղեցում տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նորակառույց տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Հայրապետը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ և օրհնության գրեր հանձնեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 122 բարերարների՝ ի գնահատություն նրանց ազգօգուտ և եկեղեցաշեն գործունեության: Ս. Խորանից Հայրապետական Սրբատառ կոնդակներն ընթերցեց թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պարգևների հանձնումից հետո ներկաներին Հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Moscow 3

Moscow 1

Moscow 2

«…Այսօր ուրախություն է մեզ համար, որ մեր Եկեղեցու հավատավոր զավակներին արժանին մատուցեցինք և նրանց կուրծքը զարդարեցինք մեր Եկեղեցու բարձր պարգևներով, քանզի իրենց արդար վաստակի արդյունքն ընծայաբերում են բարին արարելու, Հայրենիքը շենացնելու, Եկեղեցին պայծառացնելու նվիրական սուրբ գործի համար: Արադարև, շքեղաշուք այս կառույցը, աղոթքի այս տունը փառաբանություն է ինչպես մեր ազգի, այնպես մեր բարերար զավակների համար», – նշեց Նորին Սրբությունը` գոհունակություն հայտնելով, որ այսօր մոսկվաբնակ հայորդիները հնարավորություն ունեն փառահեղ Ս. Պայծառակերպություն եկեղեցու մեջ աղոթելու և մասնակցելու սրբազան արարողություններին:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում գնահատանքով հիշեց լուսահոգի Մուրադ Սարգսյանին և Մերուժան Լալայանին, ովքեր նույնպես ժամանակին իրենց կարևոր մասնակցությունն էին բերել առաջնորդանիստ եկեղեցու շինարարական աշխատանքներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց նաև թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ թեմի հոգևոր կյանքի աշխուժացման և եկեղեցական համալիրի կառուցման համար:

Moscow 4

Moscow 5

Moscow 6

Այնուհետև, այս ուրախալի առիթով եկեղեցական համալիրի սեղանատանը տեղի ունեցավ ցերեկույթ, որի ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկան Մոսկվայի Հայորդյաց տան «Ովսաննա» երգչախումբը՝ խմբավարությամբ Լենա Բեգլարյանի, «Ակունք» ժողովրդական գործիքների և «Կոչնակ» դհոլահարների խմբերը, ինչպես նաև «Հայասա» պարային համույթը և մանուկների պարային նորաստեղծ խումբը:

Հանդիսության ընթացքում բարերաներին գնահատանքի խոսք ասաց Եզրաս սրբազանը: «Հոգու ուրախություն է մեզ համար, որ եկեղեցասեր ոգին զորեղ է ձեզ պես հայորդիների սրտերում և ծնունդ է տալիս բարի իրագործումների, որի ականատեսն ենք այսօր մենք բոլորս», – ասաց Սրբազան հայրը՝ մաղթելով, որ Տիրոջ հովանավոր Աջը միշտ զորավիգ լինի նրանց` նույն եռանդով շարունակելու բարի գործերով շենացնել Մայր Եկեղեցին:

Երախտագիտության խոսքով հանդես եկան նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Արթուր Չիլինգարովը:

Հանդիսության ավարտին ներկաներին վերստին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ

Տեսանյութեր

Լրահոս