«Շանթին քնած տեղը սրսկում էին, ամեն ինչ անում էին, որ գիժ հանեին»
«Եթե փորձեն Շանթին նորից գիժ սարքեն եւ ուղարկեն հոգեբուժարան, մենք կբողոքենք»,–ԳԱԼԱ–ի հետ զրույցում ասել է Շ. Հարությունյանի կինը`տիկին Ռուզաննան, ով դեռ երկու տարի առաջ Շանթի հետ ամուսնալուծվել է: Նա վստահեցրել է, որ Շանթը «գժի թուղթ չունի» եւ գիժ չէ: Տիկին Ռուզաննան ասել է նաեւ, որ Մարտի մեկի իրադարձություններից հետո եւս Շ. Հարությունյանին «փորձեցին գիժ սարքել»: Ըստ նրա`նույնը փորձում են անել այսօր:
«Նրան հրահրել են, ստիպել կամ հասցրել նրան, որ անի բաներ, որոնք չի ուզում: Եւ հասան այն բանին, որ տեղափոխեցին հոգեբուժարան, ասացին՝ գիժ է:
Շանթն ինքը անձամբ է ինձ պատմել, թե ինչպես են անգամ քնած տեղը սրսկել: Ինքը անհանգիստ է եղել մի քանի օր (իմ կարծիքով դա նորմալ է, որ մարդ կարող է անհանգիստ լինել): Մի քանի օր չի քնել եւ դրանից հետո, երբ փորձել է քնել եւ քնած է եղել, ինքը հանկարծակի վեր է թռել ծակոցից: Նրան փորձել են ներերակային սրսկում անել: Ինքը ոտքով խփել ու գցել է ներարկիչը եւ հարցրել է՝ էս ի՞նչ եք անում, սրանք պատասխանել են, թե սրսկում ենք, որ քնես, բայց ինքը այդ ժամանակ քնած է եղել: Այդ ժամանակից հետո նրա մոտ նյարդային լարված վիճակ է եղել եւ չի քնել՝ մտավախություն ունենալով, որ նրան նորից կարող են սրսկել: Այդ ժամանակ, երբ այդ ինֆորմացիան ինքը մեզ փոխանցեց, ոչ ոք էլ չժխտեց, որ իրեն փորձել են սրսկել… Դրանից հետո նրան անընդհատ հրահրել էին տարբեր բաներ անել (ես չեմ կարող պատմել դրանք բոլորը, քանի որ մի քանի շաբաթ շարունակ Շանթը պատմել է): Հասցրել են նրան այն վիճակին, որ մեկուսացրել են, մեկուսացման ժամանակ նրան օրենքով հասնող զանգերը արգելել էին, եւ նա չէր կարող մեզ զանգել՝ ոչ ինձ, ոչ քրոջը, ոչ որդուն եւ քանի որ շատ անհանգիստ է եղել մեզ համար, որպես բողոքի նշան Շանթը այրել է բարձը: Դա կալանավայրում հնուց եկած բողոքի ձեւ է, սակայն հանել էին, թե ուրեմն գիժ է, որ իրեն այդպես է պահում: Հետո նրան հրահրել էին, եւ մեկին խփել էր` աշխատակիցներից: Մի խոսքով իր՝ կալանավայրում գտնվելուց մեկ տարի հետո նշանակեցին դատահոգեբուժական փորձաքննություն: Մենք բողոքեցինք, բայց նրան տեղափոխեցին հոգեբուժարան: Որոշ ժամանակ հետո` նորից կալանավայր, իսկ մի քանի շաբաթ հետո ազատ արձակեցին: Երբ որ հարցնում էինք`ինչու, ինչի հիման վրա, պատասխանեցին՝ բժշկական թղթերի: Շանթը ինքը հարցրեց` ի՞նչ բժշկական թուղթ, չպատասխանեցին»:
Շանթ Հարությունյանի կինը հայտարարեց, որ Շանթը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի, բայց միտումնավոր նման տեղեկություն են տարածում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: