Նախկին փոխոստիկանապետի դստեր գործով զբաղվում է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հետաքննություն է սկսվել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության սպա Աստղիկ Հունանյանի նկատմամբ: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնից ներքին անվտանգության վարչությունը մամուլում և Shamshyan.com-ում հրապարակված տեղեկությունները ճշտելու նպատակով պահանջել և ստացել է նոյեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո վթարի վայրում Ա. Հունանյանի կողմից քաղաքացիների և մյուս կողմի վարորդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մասին տեղեկությունները: Հրապարակումից հետո Ա. Հունանյանի հայրը, նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ իր աղջիկը մեղավոր չի, նա այդ օրը՝ երեկոյան ժամը 8-ին, գնացել էր եկեղեցի՝ մոմ վառելու և վթարի մեջ մեղադրել էր մյուս կողմին: Եվ հիմա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը պարզելու է գեներալ Հունանյանի ասածների իսկությունը:
Իսկ ֆոտոլրագրողը քաղաքի մի քանի եկեղեցիներից ճշտել է, որ երեկոյան ժամը 8-ին ոչ մի եկեղեցի բաց չի լինում: Նա նաև հիշեցրել է, որ Ա. Հունանյանի կողմից նմանատիպ դեպքեր նախկինում էլի են տեղի ունեցել, և տուժող քաղաքացիները խոստացել են նրա կողմից կատարված «քաջագործություններ» ֆոտոլրագրողին ներկայացնել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00- ի սահմաններում, Մոսկովյան 23 շենքի դիմաց բախվել էին Երևանի բնակիչ 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի և դեռևս անհայտ կին-վարորդի կողմից վարած Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարից հետո Nissan-ի վարորդը, ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների եղել է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկը, դուրս էր եկել ավտոմեքենայից և մոտ 20 րոպե հասարակական վայրում ցուցաբերել լկտի պահվածք` հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով հավաքվածների հասցեին:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում