Դեսպան եմք մեք
Դաշնակցական Հրայր Կարապետյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նշանակվել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս։ Սակայն ՀՅԴ անդամները շարունակում են պնդել, որ արտաքին քաղաքականության ոլորտում դաշնակցականների ստացած պաշտոններն ամենևին չեն ազդում կուսակցության ընդդիմադիր գործունեության վրա: Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է, թե Հրայր Կարապետյանն այս պահին կուսակցությունում որևէ քաղաքական պաշտոն չի զբաղեցնում, ունի փորձառություն, և պետությունը նպատակահարմար է գտել նրա փորձառությունը, կարողությունն օգտագործել` իբրև հյուպատոս:
«Սա որևէ նոր բան չի ավելացնում կամ փոխում մեր քաղաքականության մեջ,- ասել է նա` ավելացնելով,- Արտաքին քաղաքականության ոլորտում, նույնիսկ Դաշնակցության կասեցման տարիներին, մենք միշտ էլ ասել ենք, որ, եթե կան խնդիրներ, որոնք առնչվում են մեր պետության անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, մենք համագործակցել ենք: Համագործակցել ենք և Լևոն Տեր-Պետրոսյանի, և Ռոբերտ Քոչարյանի, և այսօրվա իշխանության հետ: Բնականաբար, միշտ կլինեն հազարավոր մարդիկ, տասնյակ-հազարավոր մարդիկ, ովքեր մեր քաղաքականությունը չեն ընդունի ու պիտակներ կտան:
Բայց մենք անում ենք այն, ինչ ճիշտ ենք գտնում, և դա ողբերգություն չէ, Դաշնակցության դիրքերից խոսում են մարդիկ, ովքեր երբեք էլ Դաշնակցության կողքը կանգնած չեն եղել»: Հարցին, թե Վահան Հովհաննիսյանի, իսկ հիմա` Հրայր Կարապետյանի նշանակումները չե՞ն հարվածում ՀՅԴ-ի ընդդիմադիր ուժի իմիջին, նա բացասական պատասխան է տվել: «Բացարձակապես չի հարվածում,- ասել է Վարդանյանը` ավելացնելով,- Ընդդիմությունը հաճախ սխալ են պատկերացնում: Վստահ եղեք, որ ամենահիմնավորված ու փաստարկված պառլամենտական մեր գործունեությամբ մենք ընդդիմություն ենք, և աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի, աչք չունեցողը չի տեսնի, ականջ չունեցողը չի լսի»:
Իսկ արդյո՞ք Հ. Կարապետյանի նշանակման հարցը ՀՅԴ-ում քննարկվել է: Ըստ Ա. Վարդանյանի` հատուկ քննարկում չի անցկացվել. «Հրայրի հետ կապված այդ խոսակցությունները վաղուց կային, և հատուկ քննարկելը հարկ էլ չենք համարում, որովհետև անհատ է և, բնականաբար, իրեն արված առաջարկի ընտրությունն ինքն է կատարել»:
«168 ԺԱՄ»