Հովիկ Աբրահամյանը ժամանակ է ձգում
ԱԺ այս քառօրյայի սկզբում ՀԱԿ խմբակցությունը կրկին բարձրացրեց արդեն 10 տարի ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիայի վավերացման հարցը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ նկատի ունենալով քառօրյայի ծանրաբեռնվածությունը, իրենք չեն կարող այն քննարկել այս քառօրյայում, բայց խոստացավ դա անել հաջորդի ժամանակ: Մեր տեղեկություններով` ԱԺ նախագահի խոստումը չի իրականանա, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում կոնվենցիան խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգից հանելու մասին հրամանագիր ստորագրել:
ՀՀԿ-ական պատգամավորները պնդում են, որ, եթե այս կոնվենցիան վավերացվի, այն հնարավորություն կտա Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին` փոխհատուցման հարցով դիմել դատարաններ: Ընդդիմությունն այս կոնվենցիայի վավերացման միջոցով հույս ունի հասնել պետության կողմից 2008 թվականի մարտի 1-ի զոհերի ընտանիքներին և տուժածներին փոխատուցում վճարելուն: