Նոյեմբերի 5-ին քաղաքացիական հագուստով ոստիկանը՝ տուժող
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում քաղաքացիական հագուստով անձը, որը, ըստ հրապարակված տեսանյութերի, միայն իրարանցման ժամանակ է հայտարարել, թե ինքը ոստիկան է, արժանացել է քննիչների ուշադրությանը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ քաղաքացիական հագուստով այդ անձը իսկապես ոստիկան է: «Նշված անձը ոստիկան էր»,- ասաց Տոնոյանը:
«Նոյեմբերի 5»-ի գործում հիշյալ անձի կարգավիճակին վերաբերող հարցին էլ արձագանքելով․ «Բնականաբար, տուժող է»:
«Այսինքն, նրան ո՞վ է ծեծել՝ այդ [կալանավորված] 14-ից մե՞կն է նրա նկատմամբ բռնություն գործադրել»՝ հարցին քննչական խմբի ղեկավարը պատասխանել է. «Այո, հիմա կոնկրետ չեմ կարող ասել՝ որ մեկն է կոնկրետ հարվածել, բայց ունենք քրեական գործը: Պարզապես նպատակահարմար չէ հիմա կոնկրետ անուն տալ, բայց քրեական գործը ունենք՝ այո, այդ 14-ից է»:
Սամվել Տոնոյանը համոզմունք հայտնեց, որ այդ քաղաքացին կարող էր իմանալ, որ տվյալ անձը ոստիկան էր․ – «Այո, որովհետև նա սկզբից ներկայացել է, և ծեծելու ընթացքում էլ նրան ասում էին, որ ոստիկան է ծեծել: Այսինքն, եթե ոստիկանը համազգեստով չէ՝ դա նշանակում է, որ նա ոստիկան չէ՞․ բնականաբար, ոչ: Եթե մարդը սահմանված կարգով ներկայացել է․․․»:
«Իսկ ինչո՞ւ համազգեստով չէր, դա դիտավորություն չէ՞», – սրան էլ քննչական խմբի ղեկավարը արձագանքեց․ – «Իհարկե ոչ: Տվյալ օրը ուժեղացված ծառայություն եղավ, բոլոր համապատասխան ստորաբաժանումները գտնվել են այդտեղ»:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ, մինչդեռ, ոստիկանությունը սադրանքի է ենթարկել «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով բողոքի ակցիա սկսած Շանթ Հարությունյանին և Ազատության հրապարակում ներկա մյուս քաղաքացիներին:
«Այս օրինակը պրովոկացիայի վառ օրինակն է». «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ մանրամասնելով․ «Այսինքն՝ իշխանությունները, տեղյակ լինելով, որ Շանթ Հարությունյանը պատրաստվում է ինչ-որ գործողությունների դեկտեմբերի սկզբներին, փորձել են իրենց միջամտությամբ, իրենց գործողություններին համահունչ հասունացնել և արագացնել այդ գործողությունները, և իրենք, փաստորեն, դատելով ամեն ինչից, պրովոկացիայի են ենթարկել և՛ Շանթին, և՛ արագացրել են պրոցեսները՝ հասցնելով բախման»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: