Գ. Բեգլարյանը՝ Զ. Փոստանջյանին. Եթե Բեգլարյան Գագիկ անուն ազգանունն էիք ուզում հայտարարել, դա ուրիշ բան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին խնդրեց անդրադառնալ կառավարության որոշմանն, ըստ որի՝ տաքսու վարորդները դեղին պետհամարանիշների փոխարեն այսուհետ պետք է սպիտակ պետհամարանիշներ ունենան, և որ մեքենաներում էլ պիտի տեղադրվեն ինքնակպչուն ժապավեններ: Զ. Փոստանջյանը նշեց, թե այս որոշումը վարորդների մոտ բավական մեծ դժգոհությունն է առաջացրել: «Ընդունվելու է նախագիծ, ու ցանկանում են տաքսու վարորդների խնդիրը բերել այս դաշտ, ևս մեկ անգամ մոնոպոլացնել այս ոլորտը»,- գնահատեց Զարուհի Փոստանջյանը:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ նախ արձագանքեց. «Այսպես է ընդունված, հա՞. տիկին Փոտսնաջյան, որ Դուք ինչ ասում եք այստեղ՝ անցնո՞ւմ է»: Ապա հավաստիացրեց. «Եթե Բեգլարյան Գագիկն ուզենար մոնոպոլիա ստեղծել, ըստ օրենքի նախագծի՝ տաքսիստների աշխատանքն այսքան չէր պարզեցվի, այլ կբարդացվեր»: Գ. Բեգլարյանը շեշտեց, որ նախկին օրենքով՝ վարորդները պետք է գումար վճարեին տաքսի վարելու համար, բուժզննում անցնեին և այլն. «Պարզեցնել, որ մոնոպոլիա՞ սարքել… Դուք երկար տարի պատգամավոր եք աշխատում, այդպիսի բան հնարավոր չի: Եթե Բեգլարյան Գագիկ անուն ազգանունն էիք ուզում հայտարարել, դա ուրիշ բան, բայց որ տրամաբանությունից դուրս բաներ եք ասում… դա ճիշտ չէ»:
Նախարարը հայտնեց, որ տեխսպասարկման ու բուժծառայության համար վարորդներից գումարներ էին գանձում երեք-չորս կազմակերպություններ, իսկ քանի որ հիմա դրանք չկան՝ «տաքսիստները նախարարությանը շնորհակալ են»:
Նա հորդորեց Զարուհի Փոստանջյանին տաքսի նստել և բացատրել իր հիմնավորումը վարորդներին, ովքեր դժգոհել են իրեն: Զ. Փոստանջյանն էլ ասաց, թե ինքը այսօր է տաքսի նստել: Գ. Բեգլարյանը նետեց. «Լա՞վ է»: Պատգամավորը շարունակեց, թե գրեթե բոլոր տաքսու վարորդներն իրեն ճանաչում են և բոլորն էլ բողոքում են:
«Ինձ թվում է, որ իմ բացատրությունից հետո, որ նստեք տաքսի, կասեք, չէ՞, որ այդ տաքսիստը սխալ գիտի, որ պարզեցվում է տաքսիստ ու իշխանություն հարաբերությունը, դա մոնոպոլիա չի կարող ստեղծել»,- դիմելով Փոստանջյանին ասաց Գագիկ Բեգլարյանը: