Տիգրան Սարգսյանը՝ Ս.Սարգսյան-Ի.Ալիև հանդիպման մասին. Որևիցե նոր տեղեկատվություն, որը լավատեսություն է ներշնչում՝ չկա
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ. «Կարծես տեղաշարժ կա ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում: Մենք գիտենք միայն, որ նախատեսվում է երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Խնդրում եմ՝ խորհրդարանին տեղեկացնել՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում»: Աղվան Վարդանյանը խնդրեց նաև տեղեկություններ հայտնել ԼՂՀ օդանավակայանի շահագործման վերաբերյալ:
Ի պատախան Տիգրան Սարգսյանն ասաց, թե ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ տեղի կունենա հանդիպում երկու պետությունների նախագահների միջև: Վարչապետն ասաց, թե այս պահի դրությամբ որևիցե նոր տեղեկատվություն, որը լավատեսություն է ներշնչում, չկա:
Ըստ նրա՝ հանդիպման նպատակն առաջին հերթին երկխոսությունն ու բանակցային գործընթացի շարունակությունն ապահովելն է: Իսկ ինչ վերաբերում է օդանավակայանի շահագործմանը, ապա Տիգրան Սարգսյանն ասաց, թե խնդիրը իրենց օրակարգում է:
«Սա շատ կարևոր խնդիրներից է, և չափազանց կարևոր է, որ օդանավակայանի շահագործման խնդիրը կարողանանք զերծ պահել քաղաքական սպեկուլյացիաների դաշտից, ինչն այսօր բավական ագրեսիվ ձևով իրականացվում է Ադրբեջանի կողմից, և այստեղ մենք մտադիր ենք այս նպատակին հասնել առանց լրացուցիչ լարվածություն առաջացնելու այս խնդրի շուրջ»,- պատասխանեց վարչապետը: